Էրդողանը միաձայն քվեարկությամբ վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության յոթերորդ ընդհանուր համագումարի շրջանակում: Էրդողանի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 1428 պատվիրակները: Ընդ որում, նա եղել է առաջադրված միակ թեկնածուն:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին՝ Էրդողանի նախաձեռնությամբ: Հենց նա էլ կուսակցության առաջին նախագահն էր: 2002 թվականից մինչ օրս Թուրքիայի իշխող կուսակցությունն է:
2014-2017 թվականներին կուսակցությունը ղեկավարել են Ահմեդ Դավութօղլուն և Բինալի Յըլդըրըմը, քանի որ նախկինում գործող օրենքների համաձայն՝ երկրի նախագահն իրավունք չուներ կուսակցական լինել:
Թուրքիայի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվեցին 2017 թվականի ապրիլի հանրաքվեով, Էրդողանը հնարավորություն ստացավ վերընտրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում, և այդ պաշտոնը ստանձնեց արդեն 2017-ի մայիսին: