«Մենք դարձել ենք որբի գլուխ, և դա չի փոխվի, քանի դեռ գոյություն ունի Փաշինյանի պես սուբյեկտ մեր իշխանության գլխին»․ Արա Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետությունում այսօր վերացվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց՝ 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը ռազմական դրության վերացման վերաբերյալ նշեց, որ այն ի սկզբանե Հայաստանում հաստատվել էր քաղաքական նպատակով, ինչպես նաև՝ խոսքի ազատությունը և ընդդիմության կամարտահայտման իրավունքը սահմանափակելու համար։

«Հիմա ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը ցույց տվեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կողմ են քվեարկել, ինչը նշանակում է, որ փաստացի նրանք չեն ունեցել այնքան քաղաքական հոտառություն, որ գոնե իրենք նախաձեռնեն այս փուլում, և դա իրականացվեց ընդդիմության նախաձեռնությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ հնարավորություններ է բացելու ռազմական դրության չեղարկումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ողջ ընդդիմադիր դաշտի համար, Սաղաթելյանը պատասխանեց՝ թեև իշխանությունը մորթապաշտությունից ելնելով՝ պնդում է, թե փողոցում շատ մարդ չի հավաքվում, հետևաբար՝ չկա Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ, սակայն պետք է ասեմ հակառակը՝ այդ հանրային պահանջը կա, և այն շատ մեծ է։

«Փողոցը մի այնպիսի օրգանիզմ է, որ այսօր կարող է լինել քիչ, վաղը՝ շատ։ Փողոցային պայքարը կարող է ունենալ արդյունք, եթե այնտեղ կուտակվի կրիտիկական հատված, բայց մյուս կողմից՝ մենք պետք է չսպասենք, որ Փաշինյանը կամ նրա թիմը կդրսևորեն քաղաքական դիրքորոշում, որովհետև եթե այդպիսի դիրքորոշման ունակ լինեին,  ապա կհամաձայնեին, որ նման խայտառակ պարտությունից հետո պետք է տալ  հրաժարական, ինչի մասին խոսում են աշխարհում գոյություն ունեցող նախադեպերը»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Փաշինյանը, սակայն, ոչ միայն չի հեռացել, այլև շարունակում է քաղաքական օրակարգը լցնել ստերով ու բերել դրանց համար անիմաստ հիմնավորումներ։

«Օրինակ՝ հերթական սուտը՝ երեկ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն ասում է, որ Փաշինյանի հետ երբ զրուցել են հնարավոր ընտրությունների մասին, մարդիկ ողջամտորեն ենթադրել են, որ ընտրություններն իրականացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, պարզվում է հիմա, սակայն, որ իրենք ունեն ներքին կոնսենսուս իրենց կուսակցությունում Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ։ Այդ դեպքում էլ երեկ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք քննարկում են, որ որևէ նախկին պայմանավորվածություն այլևս ուժի մեջ չի, իսկ ես դրանից դատում եմ, որ ընդդիմությունը կարող է հրաժարվել նախորդ պայմանավորվածություններից, առաջարկել վարչապետի սեփական թեկնածու»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, լինեն ընտրություններ, բացառապես սեփական վախը փարատելու համար իշխանությունից կառչած  և Արագածոտնում այդ վախերի պատճառով  դպրոցական երեխաներին կենդանի վահան օգտագործած Նիկոլ Փաշինյանը չի կարողանա գերազանցել 30 տոկոսը՝ անկախ նրանից, թե որքան կկարողանա շարունակել պառակտել հասարակությանն ու տանել նախկին-ներկա բաժանումներ, թեև ինքը՝ Փաշինյանը, նախկինից էլ նախկին է։

«Նա միշտ լավ օգտվել է նախկին իշխանությունների ժամանակ տարբեր մարդկանց թուլություններից և իր կարգավիճակից։ Նիկոլ Փաշինյանից նախկին գոյություն չունի, նա ամենանախկինն է, նա 30 տարվա ընթացքում եղած ամենավատ նախադեպերը ներառել է իր վարքագծի մեջ»,- ասաց Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրենը։

Խոսելով փաշինյանական իշխանությունների գործունեության հետևանքով երկրում տիրող անիշխանությունից ու դրան աշխարհի արձագանքի մասին, Արա Սաղաթելյանը նշեց, որ աշխարհի ցանկացած երկիր Փաշինյանին համարում է ոչ լեգիտիմ ղեկավար և բացառում է նրա հետ որևէ տեսակի երկխոսություն, դրանից բացի, ակտիվ գործի են անցել մեր  հակառակորդները։

«Մենք չունենք պետություն՝ որպես ինստիտուտ։ Ադրբեջանն ու Թուրքիան, օգտվելով նրանից, որ մենք չունենք իշխանություն և սուբյեկտ չենք, կիրառում են փափուկ ուժի ամբողջ գործիքակազմը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ սփյուռքի հետ։ Ես ունեմ բազմաթիվ նախադեպեր, որ նրանք շատ գրագետ ու համակարգված աշխատում են սփյուռքի մեր հայկական կառույցների հետ, աշխատում են Ռուսաստանում՝ դիմելով ամենատարրական գործողությունների. օրինակ՝ ադրբեջանական խնձորի գին իջեցնելով, և նրանք իրենց  կողմից վարձատրվող ռուսաստանյան քաղաքագետներին իրենց թույլ են տալիս ասել, թե Ադրբեջանը նոր տարածքներ նվաճելուց հետո իջեցրել է խնձորի գինը, և հնարավոր էր՝ տարածքների ընդլայնմամբ խնձորները բաժանվեն անվճար։ Ստացվում է՝ մենք դարձել ենք որբի գլուխ՝ որպես ազգ և որպես պետություն, և դա չի փոխվի, քանի դեռ գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի պես սուբյեկտ մեր իշխանության գլխին։ Նիկոլ Փաշինյանն իր անգործությամբ օժանդակում է Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս