Պտղունք համայնքում այրված շենքի տասնյակ բնակիչներ, 6 ամիս է, հայտնվել են դրսում
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել են բնակարաններից, մինչ օրս ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից, ավելին, 2 օր առաջ Պտղունքում վերակառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով համայնք այցելած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը չեն էլ հանդիպել տուժած բնակիչների հետ։
«Երեկ եկել են, դպրոցի շինարարությանն են հետևել, մեր տուժած բնակիչներից մարդ կա, որ գյուղապետարանում է աշխատում, ինքն է ասել՝ բա այս տան հարցերն ի՞նչ պետք է լինի, գյուղապետն էլ ներկայացրել է, ասել է՝ մի բարերար լիներ՝ 1500 քառակուսի տարածք վերցներ սարքեր, մարզպետն ասել է՝ հա, լավ կլինի․․․ Այս քանի օրն անձրևները մի քիչ հանդարտվեն՝ տուժած բնակիչներով ուզում ենք գնանք մարզպետարան, որովհետև մարզպետի թռուցիկ խոսելը․․․ կոնկրետ մի բան իմանանք, էլի։ «Լավ կլինի», հա, մենք էլ գիտենք, որ մի բարերար գա՝ լավ կլինի։ Մարզպետը սկի պաժարից հետո 1 անգամ գյուղ չի եկել, երեկ չէ առաջին օրը՝ դեպքից 6 ամիս հետո, նոր եկել էր, հրդեհի ժամանակ էլ, որ եկել էր, ոչ մեկին ոչ մի բանով չեն ապահովել, ուղղակի եկավ նկարահանվեց՝ գնաց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Լիանա Այվազյանը։
Քաղաքացին հիշեցրեց, որ տուժած 3 ընտանիք իրենց ուժերով մի կերպ վերանորոգել են բնակարանները և այնտեղ են բնակվում, իսկ մյուսների բնակարաններն ամբողջությամբ են այրվել, և արդեն կես տարի է՝ ինչ վարձով կամ հարազատների տանն են բնակվում:
«Մեր տուժած բնակիչներից մի մարդ կա, այստեղ փոքր գարաժ ունի, ուզում է սարքի, գա այդտեղ ապրի իր կնոջ հետ, որովհետև որտեղ որ հիմա բնակվում է, այդ տան տերերը գալիս են, պետք է դուրս գան։ Ինչ վերաբերում է մարզպետի հետ երեկ հանդիպելուն, մարզպետը ոչ ժողովրդին տեղեկացրել է իր գալու մասին, ոչ տուժած բնակիչների հետ է հանդիպել, ոչ էլ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
168.am-ը զրուցեց նաև Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք այրված շենքի բնակիչներին բնակարաններով ապահովելու հարց քննարկվե՞լ է մարզպետի և նախարարի հետ։
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այս քանի օրը սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ կայցելի։ Բնակիչները նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին և ԱԺ մի քանի պատգամավորների, ես էլ գրություն եմ ուղարկել։ Այստեղ շինարարական բիզնեսով զբաղվող կազմակերպություն կա, իրենց հետ նախնական զրուցել ենք, որ, եթե շենքը կողքի տարածքներով տանք իրենց, իրենք 2 հատ շենք սարքեն, տուժած բնակիչներին բնակարաններով ապահովեն, մնացածը վաճառեն։ Շատ լավ տարբերակ է, և իմ կարծիքով՝ այս հարցը հետագայում հենց այս տարբերակով էլ լուծվելու է, որովհետև մեզ մոտ բավականին բարձր են տների գները, և եթե ինվեստոր լինի, հետաքրքրվի, հեկտարից ավելի հող է, վերցնի 2 հատ էլիտար շենք սարքի մեկը, տա այս ժողովրդին՝ ամեն մեկին իր քառակուսիի չափով, մնացածը վաճառի։ Այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, պետական ատյաններին էլ ենք դիմում, հիմա տեսնենք, որը կստացվի, ոնց կստացվի»,- ասաց համայնքի ղեկավարը։
Դիտարկմանը, որ արդեն 6 ամիս է՝ բնակիչները զրկված են կացարաններից, վարձով կամ հարազատների մոտ են ապրում, սակայն որևէ աջակցություն չեն ստանում կառավարությանից, Արթենյանն ասաց․
«Բան չունեմ ասելու, ամեն օր այդ խնդրի հետ շփվում եմ, մենք այդ եզրակացությունն ուղարկել ենք կառավարություն, ՏԿԵՆ և ԱԻՆ, մարզպետարանի հանձնաժողովը եկել, եզրակացությունը գրել են, հունվարին ուղարկել ենք։ Մարզպետն էլ էր կողմ, որ ինվեստոր լինի, շենքեր կառուցեն․․․»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում, ինչի հետևանքով 10-ից ավելի բնակարաններ այրվել էին, և բնակիչները հայտնվել էին դրսում: