ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի վերջնաժամկետը վաղն է. ի՞նչ է սպասվում Աննա Վարդապետյանին

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործով արդարադատությանը առերևույթ միջամտելու վերաբերյալ 168.am-ի հրապարակած սկանդալային նյութի ու Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդման առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում նյութերի նախապատրաստումը դեռ շարունակվում է:

Այս մասին երեկ և այսօր 168.am-ին տեղեկացրեցին ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Մարտի 15-ին մեզ իրավապահ այդ կառույցից տեղեկացրել էին, որ նյութեր են նախապատրաստվում: Սա նշանակում է, որ նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետը վաղն ավարտվում է, և ԱԱԾ-ում կամ պետք է քրեական գործ հարուցեն, կամ մերժեն դրա հարուցումը:

Տեսանյութեր

Լրահոս