«Եղբայրական գերեզմանում մեր տղաների կողքին ադբեջանցիներին էլ են թաղելո՞ւ». Էլիբեգովան՝ չիդենտիֆիկացված մասունքների մասին

«Ալիևն առաջին անգամ չէ, որ ի լուր աշխարհի հայտնում է, որ ինքն ունի ներդրում 2018-ին տեղի ունեցածի մեջ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Իմ հիշելով՝ վերջին 3 տարում նա դա բարձրաձայնում է արդեն 5-րդ անգամ: Առաջ դրան վերաբերմունքը բավականին թռուցիկ էր մեր հանրության մոտ: Այս անգամ հետպատերազմյան ռեֆլեքսիայի փուլում մարդիկ սկսեցին դրան այլ կերպ վերաբերվել, մարդիկ հասկացան, որ, եթե մարդը 5 անգամ դա պնդում է, եկեք փորձենք հասկանալ՝ տակն ի՞նչ կա: Ինչո՞ւ էր ինքը դա 2018-ի մայիսից սկսած շատ հանգամանալից փորձում հասցնել և՛ իր հանրությանը, և՛ մեր հանրությանը, և՛ միջազգային լսարանին: Ի՞նչ էր ասում Ալիևը, իր հիմնական մեսիջները. ինքը նախկին իշխանությունների նկատմամբ հնարավորինս փորձել է նեգատիվ վերաբերմունք  ձևավորել, հնարավորինս հայկական պետականության հիմքերը խարխլի, դա եղել է իր հիմնական նպատակը, կարևորագույն առաքելություններից մեկը, ինքն ընդունում է, որ Հայաստանի բլոկադան իր արդյունքները տվել է նոր իշխանությունների գալու համար, այսինքն՝ ինքն իր գործունեությունը նախկին իշխանությունների ժամանակ  բացատրել է նրանով, որ ձգտում էր Հայաստանում իշխանափոխության և իր համար հարմար գործընկեր ստանալու համար»,- ասաց Էլիբեգովան:

Ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոմունիկացիաների բացման, խաղաղ համակեցության մասին միֆերը, որոնք ստեղծվում են մեր հանրության համար, զուգահեռ են մատուցվում Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանությունների կողմից:

«Ադրբեջանական քարոզչությունը և մեր պետական քարոզչությունը բացարձակ  նույն թեզերով են առաջնորդվում հիմա Արցախյան հարցի կարգավորման և հանգուցալուծման վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուսն էլ ասում են՝ Արցախյան հարցը փակ է, եկեք ապրենք «дальше», փորձենք այդ հարցը փակել, բայց մեզ համար այդ հարցը փակված չէ, փորձել այդ ամեն ինչը տանել մոռացության և հասարակության գիտակցությունից ջնջել եղածն ու ապրել Ադրբեջանի հետ հետագա ինչ-որ նոր փոխհարաբերությունների մակարդակում, մեր հանրությունը պատրաստ չէ, դա ակնհայտ է, որովհետև մեզ դեռ շատ հարցերի պատասխան չեն տվել, իսկ էդ հարցերի պատասխանը չտալու համար, պետք է ջնջել, փակել պատմության այդ էջը և փորձել տեղավորվել նոր իրողության մեջ»,- ասաց ադրբեջանագետը և պնդեց, որ մեր խնդիրն է՝ թույլ չտալ գործող իշխանությանը դա անել:

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ երբ մարդիկ հասկանան, թե ի՞նչ է տեղի ունեցել, երբ իմանան մեր զոհերի իրական թիվը, երբ հասկանան, որ հացը թանկանալու է, քանի որ Արցախի ցորենի արտերն այլևս չկան, էլեկտրաէներգիան թանկանալու է, քանի որ մի շարք հէկ-եր այլևս չկան, վերաբերմունքը փոխվելու է, տրամադրություններն այլ են լինելու: Ադրբեջանագետի պնդմամբ՝ նաև կորուստներ ունեցած մարդկանց շրջանում կան այնպիսիք, ովքեր չեն գիտակցում:

«Մինչ օրս մենք չգիտենք, թե զոհվածների, վիրավորների ընտանիքներից ովքե՞ր և ինչքա՞ն փոխհատուցում են ստացել, այդ ինֆորմացիան հասու չէ, այդ ընտանիքների մեծ մասը հավանաբար սպասում է այդ գումարին, և իրենց շատ հեշտ է մանիպուլյացնել՝ ասել, որ, եթե դուք շատ բողոքեք, ձեզ գումար չենք տրամադրի, կարելի՞ է այդ մարդկանց այդպես վախեցնել, կարելի է, և այլ շատ ադմինիստրատիվ ռեսուրսներ և միջոցներ կան: Գերիների հարցում սարսափելի մանիպուլյացիաներ են, իշխանություններն իրենց հարազատներին ուղղորդում են քաղաքական դաշտ, անընդհատ փորձում են քաղաքականացնել այդ թեման, իսկ այդ մարդիկ չեն ուզում այդ թեմայի քաղաքականացում, բայց պետք է լինել ազնիվ և ֆիքսել, որ իշխանությունը նոյեմբերի 9-ին՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց, չի ֆիքսել գերիների վերադարձի ժամկետ, շատ ակնհայտ և հստակ է, թե ով է մեղավոր, որ տղաները և կանայք մինչ օրս չեն վերադարձել: Գերիների հարցում իշխանությունների այդ մանիպուլյացիաներն ու շահարկումները ծայրաստիճան անբարոյականություն են»,- ասաց Էլիբեգովան:

Ադրբեջանագետը նշեց, որ մեր թշնամի երկրում զոհերի թիվը ևս թաքցվում է, թաղումները կազմակերպվում են թաքուն, փակ դագաղներով, տեսանկարահանում թույլատրվում է շատ բացառիկ դեպքերում, որպեսզի կասկածների տեղիք չտան: Էլիբեգովան անդրադարձավ  չիդենտիֆիկացված մասունքների խնդրին:

«Խոսակցություն գնաց եղբայրական գերեզմանի մասին, որ ում չկարողանան  իդենտիֆիկացնել, պետք է հուղարկավորեն եղբայրական գերեզմանում, չնայած 21-րդ դարում ինձ համար անհասկանալի է, ո՞նց է կարելի չկարողանալ իդենտիֆիկացնել, բայց ևս մի հարց է ծագում, իսկ միգուցե այնտեղ հայկական համազգեստով ադրբեջանցիների մասունքներ կան, որոնք սխալմամբ բերվել են, ի՞նչ, այսինքն՝ ադբեջանցիներին եղբայրական գերեզմանում մեր տղաների կողքին են թաղելու»,- ասաց Էլիբեգովան:

Ադրբեջանագետը նշեց, որ հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում չի պակասել, հակառակը՝ այն ավելի սրվում է:

«Նույնիսկ, եթե Ալիևն իր շատ թանկանոց կոստյումով նստած, շատ լավ անգլերենով խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են մեզ հետ խաղաղ համակեցության, պետք է պատրաստ լինել, որ ինքը հաջորդ քայլով անելու է շատ լուրջ սադրանքներ մեր առաջնագծում և խաղաղ բնակչությանն անընդհատ ֆիզիկական վախի և վտանգի սպառնալիքի մթնոլորտում է պահելու, որպեսզի հայաթափի այն տարածքները, որոնք չկարողացավ ստանալ»,- ասաց Էլիբեգովան:

Ադրբեջանագետի խոսքով՝ միամտություն է կարծել, որ, եթե մենք խաղաղություն մուրանք, ապա ադրբեջանցիները մեզ կխղճան և թույլ կտան զարգանալ, օգտվել իրենց կոմունիկացիաներից: Անդրադառնալով այն հարցին, որ հայկական շուկայում կարող են հայտնվել ադրբեջանական գազ և բենզին՝ Էլիբեգովան ասաց.

«Ցավոք սրտի, դրա հավանականությունը կա, եթե գտնվեն ոչ այնքան հայրենասեր և ոչ այդքան ցիվիլ մարդիկ, որոնք կփորձեն փող աշխատել այս իրավիճակում, կարող է օրերից մի օր մենք նաև ունենանք այդպիսի պատկեր, որ Ադրբեջանը սկսի իր պետական նավթային կազմակերպության միջոցով վաճառել Հայաստանին նավթ և գազ, իսկ պետական նավթային ընկերությունը նշանակում է, որ այդտեղից ֆինանսավորվում է ադրբեջանական բանակը: Մենք գնելու ենք այդ բենզինը և գազը, և այդ գումարով գնվելու են փամփուշտներ, որոնք կրակելու են մեզ վրա»:

Էլիբեգովան նաև նշեց, որ Արցախի ճանաչման և անկախության հարցը մեզ համար պետք է լինի առաջնահերթություն:

Տեսանյութեր

Լրահոս