«Եթե վարչապետը չի այցելել Արցախ, ուրեմն՝ դրա համար պատճառներ կան, դրանում խնդիր չեմ տեսնում». Իշխանական պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը, որ նոր է ստացել պատգամավորական մանդատը՝ վստահեցնում է. Հայաստանի սահմանները, այդ թվում՝ Սյունիքում, խաղաղ են ու անվտանգ:
«Որպես քաղաքական թիմի անդամ, վստահելով իմ թիմի անդամներին և իմանալով իրավիճակը՝ գիտեմ որ որևէ վտանգ մեր քաղաքացիներին չի սպառնում, այո սյունեցին այս պահին անվտանգ է: Այս պահին ստեղծված են բոլոր պայմանները, որ բոլոր մարզերում իրենց անվտանգ զգան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էմմա Պալյանը:
Ինչ վերաբերում է իշխող թիմում մնալու իր մոտիվացիաներին, պատգամավորն ասաց, որ երբևէ չի մտածել իշխող թիմից դուրս գալու մասին:
168.am-ի հարցին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը, երբևէ հետաքրքրվե՞լ է Նիկոլ Փաշինյանից, թե նա պատերազմից հետո ինչո՞ւ չի գնում Արցախ, Էմմա Պալյանը պատասխանեց. «Դա տարօրինակ չէ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու վարչապետը չի այցելել Արցախ, բայց կան շփման այլ միջոցներ՝ հեռախոսներ և այլն, ես չեմ կարծում, որ չայցելելը մի մեծ խնդիր է: Այս պահին եթե վարչապետը չի այցելել Արցախ, ուրեմն՝ դրա համար պատճառներ կան, դրանում ես խնդիր չեմ տեսնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում