Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Արցախում 68.000-ական դրամները չստանալու լուրերի մասին

«Հրապարակ» թերթը գրել էր, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68.000-ական դրամները չեն ստացել:

«Չնայած Հայաստանի կառավարությունը դեռևս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, ևս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին, սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել»,- գրել էր թերթը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված տեղեկությանը՝ նշեց. «Վերոնշյալ ծրագրի շրջանակում (68.000+15.000) վճարման մասին ծանուցվել է շուրջ 101.000 քաղաքացի, աջակցությունը ստացել է շուրջ 100.000 քաղաքացի։ Ծրագրի բյուջեն շուրջ 7 մլրդ 350 մլն դրամ է»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում, ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվում է միանվագ դրամական օգնություն՝ յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68.000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15.000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք:

Սույն միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ Արցախի հաշվառում ունեցող պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք,  Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, 18-58 տարեկան արական սեռի անձինք (բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների):

 

Տեսանյութեր

Լրահոս