Շարժումը որոշել է վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը․ հայտարարություն

Մարտի 28-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքը: Այս մասին ասված է Շարժման տարածած հայտարարության մեջ:

«Հայրենակիցնե՛ր,

Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանությունների դեմ։

Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:

Հասարկության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.

1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

2. Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:

3. Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը:

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հայրենակիցնե՛ր,

Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են:

Պայքարելու ենք և հաղթենք»:

Տեսանյութեր

Լրահոս