Դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր․ Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել..
Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել… Ի վերջո, որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը:
Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին.
-Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ, թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք՝ Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է:
Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ «կարված գործի» համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը:
Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի: Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ բացառապես մեկ մարդու շահից… Պատիվ ունեմ»: