Գագիկ Սուրենյանն անդրադարձել է օդի ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված ցրտահարության հնարավոր ռիսկերին
Հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ խոսքը վերաբերում է աշնանացան ցորենին, պտղատուներին: Նրա խոսքով, այդ տեսանկյունից վտանգավոր ջերմաստիճան չի գրանցվել:
«Ներկայում Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում: Դա հատկապես նկատվում է Սուրենավանի հատվածում: Մինչև ամսի 25-ը տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում: Այս պահին, եղանակով պայմանավորված, գործընթացի վրա բացասական ազդեցություն չի նկատվում: Ճիշտ հակառակը, դրական ազդեցություն է թողնում հատկապես աշնանացան ցորենի և գարու վրա, որովհետև դեռ լեռնային շրջաններում պահպանվում է ձնածածկույթը, որը թույլ չի տա ջերմաստիճանի անկման պայմաններում աշնանացան ցորենը և գարին վնասվեն»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Ամեն դեպքում, նրա խոսքով, ցրտահարման ռիսկերը, նախորդ տարվա համեմատ, այս տարի մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է ցրտահարություն լինի: Նման վտանգի դեպքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն» ազգաբնակչությանը տեղյակ կպահի:
Հարցին, թե առաջիկայում ջերմաստիճանի անկումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ծիրանենիների վրա, Գագիկ Սուրենյանը նշեց, որ որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Թեպետ նա նկատեց, որ ջերմաստիճանի անկումը լինելու է կարճատև, տևելու է մեկից երկու ժամ և չի հասցնի մեծ վնասներ պատճառել:
«Փորձը ցույց է տվել, որ -1-ի պարագայում առանձնապես մեծ վնաս չի հասցվում ծիրանենիներին: Ես շատ լավ հիշում եմ 2016 թվականը, երբ ջերմաստիճանը երկու օր իրար հետևից իջավ մինչև -3…-4 աստիճան, բայց առանձնապես վնաս չտվեց, որովհետև կարճ տևեց»,- ասաց Գագիկ Սուրենյանը: