3 նոր երթուղի է սպասարկում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով, որոնք շահագործում են օրենքի կոպտագույն խախտումներով. Դավիթ Մելքոնյան

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Դավիթ Մելքոնյանը կարծում է, որ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող, հիմնականում մասնավոր ընկերությունները, որոնք այսօր ՀՀ-ում իրականացնում են կանոնավոր փոխադրումներ, լուրջ խնդիրներ ունեն:

«Տևական ժամանակ կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթներ չեն անցկացնում: Պետությունը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի՝ պետք է ընդհանուր միասնական երթուղային ցանցում շահագործվեն: Դրանից ելնելով՝ երկար ժամանակ մրցույթներ չեն անցկացնում, տրանսպորտային պարկի թարմացում չի իրականացվում սովորական քաղաքացու համար: Ինչ էլ կատարվում է, դրանք մասնավոր դեպքեր են, որոնք այսօր չեն բավարարում պահանջարկը:

Օրինակ, Երևանում տեսնում ենք, որ նոր քաղաքային իշխանություն ձևավորելուց հետո, 2.5 տարի անց դեռևս 3 նոր երթուղի է սպասարկում նոր «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով, որոնք շահագործում են օրենքի կոպտագույն խախտումներով՝ սպիտակ համարանիշերով: այսինքն` խնդիրը համակարգային է»,- ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Մելքոնյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, սահմանված փոխադրավարձն է:

«Երևանի քաղաքապետը 100 դրամ փոխադրավարձով փոխադրումներ իրականացնելու հանձնարարական է տվել, բայց, կարծում եմ, որ նման իրավասություն չուներ: Երբ քաղաքի ենթակայությամբ հիմնարկն է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնում, ապա փոխադրավարձը սահմանվում է ավագանու կողմից կամ մրցույթով: Ենթադրում ենք, որ առաջիկա մրցույթներին նույնպես Երևանի քաղաքապետարանն իր այդ նույն բերած տրանսպորտով կմասնակցի այդ մրցույթներին»,- նշեց «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահը:

Նա նշեց, որ այս և այլ հարցեր ուղղել է Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, Քաղաքապետարանին:

Նրա կարծիքով՝ օրենսդրորեն հստակեցում պետք է լինի, որպեսզի փոխադրողները կարողանան ներդրումներ իրականացնել: Պետք է գոնե տեսնեն, թե պետությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Առաջարկություններ ներկայացրել են, բայց արձագանք չկա:

Տեսանյութեր

Լրահոս