Ես հավատում եմ ուժերիս և կարող եմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ. Վազգեն Թևանյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերից առավելագույնն է ակնկալում:
«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում առցանց հանդիպման ընթացքում Թևանյանը մասնավորապես ասաց. «Մենք լավ նախապատրաստվել էինք և մրցաշարին մասնակցում էինք հաղթանակի ներքին համոզմամբ: Նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր: Մեր ուժերի նկատմամբ վստահություն էր, որ օգնեց նվաճելու ՕԽ քվոտան: Ադրբեջանցու հետ գոտեմարտից մեկ օր առաջ մի քիչ լարված էի, սակայն գոտեմարտի օրը ինձ հաջողվեց մեջիցս հանել այդ լարվածությունը»:
Անդրադառնալով Օլիմպիական խաղերին, Թևանյանը շեշտեց, որ մինչ խաղերի մեկնարկը դեռ ժամանակ կա, և հնարավորություն` լավ նախապատրաստվելու: «Ես հավատում եմ ուժերիս և կարծում եմ կարող եմ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ: Իմ հանգստություն մրցագորտում գալիս է ներքին վստահությունից, իսկ վստահությունը` լավ աշխատանքից»,-առանձնացրեց մարզիկը:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: