«Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը կարող է բերել նաև մեր կողմից պայմանավորվածության խախտման». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, դրա վերաբերյալ պատգամավորն արդեն ծանուցագիր է ստացել:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ասաց, որ, ինչպես հասկացել է ԱԱԾ ծանուցագրից, իրեն հրավիրել են նոյեմբերի 9-ին մի շարք քաղաքացիների ԱԺ մուտք գործելու գործի հետ կապված:
«ԱԱԾ եմ հրավիրվել՝ որպես վկա, դեռևս չեմ գնացել, մոտ ապագայում կգնամ: Չգիտեմ, թե ինչ են ուզում ինձանից հարցնել»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց համար անընդունելի է հիմա փոխել Ընտրական օրենսգիրքը, քանի որ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:
«Այս ամենից հետո փոխել խաղի կանոնները, նշանակում է՝ խախտել պայմանավորվածությունը: Ըստ այդմ, մեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք այստեղ կտրական են տրամադրված, ինչը կարող է բերել նաև մեր կողմից պայմանավորվածության խախտման: Ի՞նչ է նշանակում, որ եթե վարչապետը հրաժարական տա, և ԱԺ-ն չընտրի վարչապետ, այստեղ պետք է անպայման ընդդիմության համար ձայնը, բայց երբ Ընտրական օրենսգիրք են փոխում, ընդդիմությունը ոչի՞նչ է, իրենք կբերեն ու կփոխեն»,- շեշտեց Գևորգ Գորգիսյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց հետ Ընտրական օրենքսգիրք չի քննարկվել, քանի որ ենթադրել են, որ գործող օրենսգրքի կանոններով են գնալու ընտրությունների:
«Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է բազմաթիվ հետևանքներով, առաջին հերթին՝ դա հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում