Փաշինյանն անփոխարինելի՞ է՝ հարցից հետո Լիլիթ Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխող խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն՝  ամբողջությամբ համամասնական ընտրակարգին  անցնելուն  և այդ կարգով արտահերթ ընտրություններին գնալուն:

«Այս պահին քննարկումներ են ընթանում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին:

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանությունը խախտում է  ձեռք բերված պայմանավորվածությունը, Լիլիթ Մակունցը նշեց, թե տեղյակ չէ, թե ինչ նկատի ունի Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ նախընտրական ցուցակն ո՞վ է ղեկավարելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»:

168.am-ի հարցին՝ իշխանությունը ռեսուրս ունի՞ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ չգիտի, թե որտեղից պետք է չվճարված զինծառայողների գումարները տրվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ եթե կա անհրաժեշտություն առկա իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար և գրեթե ամբողջ քաղաքական դաշտն ունի կոնսենսուս, առաջին հերթին, իհարկե, նկատի ունեմ խորհրդարանական խմբակցություններին, կարծում եմ՝ կհայթայթեն, այսինքն՝ ես այն անձը չեմ, որ պետք է այդ հարցին պատասխանի, դիմեք կառավարությանը»:

Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի՞ է, Լիլիթ Մակունցը նշեց, որ այդ հարցին չի պատասխանի:

Դիտարկմանը՝ ՔՊ-ն հո անձ-կուսակցությո՞ւն չէ, Լիլիթ Մակունցը նկատեց. «Խնդրում եմ, վիրավորական արտահայտություններ թույլ մի տվեք, խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնալ: Եթե այսպես շարունակեք՝ ես կդադարեցնեմ ճեպազրույցը: Դադարեցնենք ճեպազրույցը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս