
Թուրքիայում դատարան է տեղափոխվել Ստամբուլի կոնվենցիան չեղարկելու հարցը

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բազմաթիվ միջազգային և թուրքական կազմակերպություններ են դատապարտել Էրդողանի հիշյալ որոշումը: Մի շարք փաստաբաններ էլ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող նման որոշմամբ չեղյալ հայտարարվել:
Այդ որոշման կապակցությամբ Թուրքիայի պետական խորհրդում գործ է հարուցվել:
Թուրքիայի դատավորների և դատախազների միության (YARSAV) նախկին նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուն Twitter-ում գրել է, որ այդ հարցը դատարան է տեղափոխել: Նա նշել է, որ պետխորհրդում գործը հարուցվել է մի կնոջ անունից և ուղղված է ոչ թե Թուրքիայի նախագահի անձի, այլ նախագահականի դեմ: