Ֆուտբոլի ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է և առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:
Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:
Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:
Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում: