Արագածոտնի մարզում եղել են զոհվածների ծնողներ, որ հրաժարվել են Փաշինյանին ընդունել իրենց հարկի տակ

Նիկոլ Փաշինյանի Արագածոտնի մարզ այցելությունը հանպատրաստի  չէր, բոլոր 6 համայնքներում նախապես տեղեկացված էին եղել այցի մասին, ավելին՝ որոշ համայնքներում 2–3 օր առաջ էին ասել, որ համայնքի բնակիչներին իրազեկեն նրա այցի մասին։

Փաշինյանը մարտի 20-ին եղավ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Ուջան, Նոր Եդեսիա, Բյուրական, Կարբի և Օհանվան համայնքներում։ Ի դեպ, յուրաքանչյուր բնակավայրում նա ելույթը սկսվում էր տվյալ համայնքի զոհվածների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով, հետո անցնում քաղաքական, սոցիալական, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու և նաև  ընտրական թեմաներին:

Արագածոտնի մարզի Փաշինյանի  այցելած 6 համայնքներում ընդհանուր առմամբ  Արցախյան վերջին պատերազմի 18 նահատակ  կա․

Ներքին Բազմաբերդից՝ 3-ը Ուջանից՝ 2-ը, Նոր Եդեսիայից՝ 1 զոհ, Բյուրականից՝ 3 զոհ, Կարբի համայնքից՝ 3 զոհ, Օհանավան՝ 6 զոհ

168.am-ը զրուցել է բոլոր՝ 6 համայնքների ղեկավարների հետ, պարզելու Փաշինյանի այցի մասին որոշ մանրամասներ, օրինակ՝ նախապես տեղեկացված եղե՞լ են Փաշինյանի, կառավարության այլ անդամների և իշխանական պատգամավորների  այցի մասին․

Ներքին Բազմաբերդ համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Փաշինյանի այցի մասին տեղեկացել են Արագածոտնի մարզպետարանից․

«Մենք դրանից 2 օր առաջ ընդհանուր հայտարարություն ենք խփել գյուղի մեջ, որ այսինչ օրը, այսինչ ժամին վարչապետը գալիս է, այդքան բան»։

Նորեյանը վստահեցրեց, որ  համայնքի բնակիչներին իրենք որևէ կերպ չեն պարտադրել ներկա գտնվել  Փաշինյանի հետ հանդիպմանը, եկել էին նրանք, ովքեր ցանկացել էին, եղել են նաև մարդիկ, որոնք դեմ են եղել և չեն գնացել, վստահեցրեց համայնքի ղեկավարը։

Նորեյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը ներկա եղե՞լ է այդ հանդիպմանը, արդյոք իր նկատմամբ պարտադրանք չի՞ եղել․

«Որպես համայնքապետ՝ ես ներկա եմ եղել, որտեղ իմ ժողովուրդը, այնտեղ՝ ես»։

Ուջան համայնքի ղեկավար Նաիրի Կիրակոսյանը ևս ասաց, որ  իրենց նախապես տեղեկացրել են  Փաշինյանի այցի մասին․

«Հանդիպումը շաբաթ օրն էր, բայց չորեքշաբթի օրը ես արդեն իմացել եմ այդ այցի մասին, Արագածոտնի մարզպետարանի ՏԻՄ-ի վարչության պետն ինձ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է։ Ասացին՝ գյուղացիներն իրեն հրավիրել են, ինքն էլ խոսք է տվել՝ գալիս է։ Գյուղացիներին ընդհանուր տեղեկացրել են, բոլորն էլ տեղյակ են եղել»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ ուջանցիներ վրդովված են եղել, որ ներկայացվում է, թե  Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել են բոլոր ուջանցիները, այնինչ  ոչ բոլորն են հանդիպմանը մասնակցելու  ցանկություն հայտնել և մասնակցել: Համայնքի ղեկավարն էլ  պատասխանեց.

«Ճիշտն ասած՝ ես վատառողջ եմ եղել, ինձ տեղեկացրել են, որ Ուջանից մոտավոր 100 մարդ է ներկա եղել»։

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե Ուջանում քանի՞ բնակիչ կա, որ ընդամենը հարյուրն են ներկա եղել հանդիպմանը․

«3327, բայց 100-1200 հոգի դուրսն են» (նկատի ուներ արտագնա աշխատանքի մեկնածներին):

Ստացվում է՝ մոտ 2000 բնակչից 5 տոկոսն է ներկա եղել հանդիպմանը։

Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանն էլ ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին տեղեկացված եղել են, բայց․

«Գյուղում կան մարդիկ, որոնք իմքայլական անդամներ են, և ես իրենցից եմ լսել, ոչ թե մարզպետարանից, որ վարչապետը պետք է այցելի գյուղ։ Մարզպետարանը ոչ հրահանգել է, ոչ էլ: Այստեղ մարդիկ կան, որ հեղափոխության ակունքներում կանգնած են եղել, միշտ «Իմ քայլը» խմբակցության հետ են եղել, ինձ ասել են՝ պարոն գյուղապետ, այցելելու է մեր գյուղ, դե, ես էլ գյուղապետ եմ, պետք է ընդունեմ։ Իրենք իրենց թիմն ունեն, ես խի՞ պետք է իրազեկեմ, իրենց մեծ թիմ կա համայնքում՝ գյուղի երևի 60-70 տոկոսը։ Նոր Եդեսիայում 60-70 տոկոսն իմքայլական են»։

Համայնքի ղեկավարը մեր հարցին ի պատասխան՝ խուսափեց բացահայտել, թե կոնկրետ ով է  առավել ակտիվ Նոր Եդեսիայում, արդյոք կա՞ն պաշտոնյաներ․

«Դե, հիմա ես անուն-ազգանուն չեմ տալու, բայց պատգամավոր կա, որ այս գյուղի բնակիչ է, մինչև 5-րդ դասարան այս գյուղում է դպրոց գնացել․․․»։

Հարցին՝ նորմա՞լ եք համարում, երբ երկիրն այս իրավիճակում է, բազմաթիվ գերիներ ունենք, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով է զբաղված, Նոր Եդեսիայի ղեկավարը զարմացած հարցրեց՝ ընտրության օր կա՞ նշանակված։ Պատասխանեցինք, որ  Փաշինյանը 4 օր առաջ  ֆեյսբուքյան գրառմամբ համայն հայությանը տեղեկացրել էր, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին էլ հաջորդել են նրա մարզային այցելությունները․

«Օֆիցիալ չի դա, մի հատ էլ փետրվարին էիք անում, հիշո՞ւմ ես․․․ Ես դա օֆիցիալ չեմ համարում, ես դա քարոզարշավ չեմ համարում, ընտրությունից ոչ մի բան չի խոսել, ինքն ուղղակի, եթե նյութը նայեք, սկզբից խոսացել է գարնան նախապատրաստական աշխատանքներից՝ չմշակվող հողերի, ոռոգման ջրի․․․ Եդեսիայում ընտրությունների մասին թեմա եղե՞լ է…»։

Նոր Եդեսիայում հանդիպման տեսագրությունը մեկ անգամ էլ լսելուց հետո պարզեցինք,  Նիկոլ Փաշինյանն այս բնակավայրում էլ, այդուհանդերձ,   անդրադարձել էր ընտրություններին, մասնավորապես՝ նշել․

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ այն ուժերը, որ Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն մարդիկ ուզում են այդ նույն պատմությունը կրկնեն, և ես այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մեր հանդիպումը, հույս ունեմ, որ այն համոզմունքն է արտահայտելու, որ մենք դա անել թույլ չենք տալու պարզապես։ Համաձա՞յն եք, որ մենք դա անել թույլ չենք տալու․․․ Դեկտեմբեր ամսից ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը որոշի՝ ով լինի իշխանություն և ով չլինի իշխանություն։ Նրանք ասում էին՝ չէ՛, մենք համաձայն չենք, որ ժողովուրդը որոշի, նրանք ուզում են այնպես անեն, որ ինչպես նախկինում ժողովրդին շարքով քշել են դեպի ընտրական տեղամասեր, ուզում են այդ իրավիճակը վերականգնեն․․․»։

Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանին էլ նույն  հարցով դիմեցինք՝  իրենց համայնքում իրազեկումն ինչպե՞ս է կազմակերպվել, համայնքապետարանի՞ միջոցով, թե՞ համայնքի իմքայլական ներկայացուցիչների․

«Պրատակոլն է եկել, ասել է, որ վաղը չէ մյուս օրը գալու է, որտե՞ղ է հարմար կանգնի ելույթ ունենա․․․ այդպես»։

Համայնքի ղեկավարը վատառողջ լինելու պատճառաբանությամբ  այլ հարցերի չպատասխանեց։

Կարբի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի փոխանցմամբ՝ նախապես տեղեկացրել են Փաշինյանի մարզային այցի մասին.

«Գալուց մի օր առաջ մարզպետարանից զգուշացրեցին, որ վարչապետը պաշտոնական այցով գալու է մեր համայնք։ Բնակիչները գիտեին, իրազեկելու խնդիր չկար․․․ Եկել է եկեղեցի, մոմ է վառել, հետո դուրս եկել, ժողովուրդն էլ հավաքված են եղել, իր բարձրախոսով խոսել է»

Երբ հայտնեցինք, որ տեղեկություն  ունենք, որ որոշ համայնքների  բնակիչներ դեմ են եղել Փաշինյանի այցին իրենց համայնք, Կարբի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իրենց մոտ  էլ  նման կարծիք  հայտնողներ եղել են․

«Մեր համայնքում 3 զոհ ունենք, 2-ի ծնողները հրաժարվել են Փաշինյանին ընդունել իրենց հարկի տակ, մեկն է ընդունել»։

Իսկ արդյոք շա՞տ մարդ էր ներկա այդ հանդիպմանը, հարցրեցինք Արմեն Հարությունյանին.

«Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց շատ էլ չէին»։

Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ևս նախապես տեղեկացված  են եղել Փաշինյանի այցի մասին․

«Պրատակոլը որ եկավ՝ նայելու տեղանքը, արդեն իմացանք, եթե չեմ սխալվում՝ այցից 1 օր առաջ էր»։

Հայրապետյանն ասաց, որ բնակիչներին չեն իրազեկել, ով տեղյակ է եղել՝ գնացել է։

Ինչպես արդեն նշել էինք՝ Օհանավանում Արցախյան վերջին պատերազմի 6 զոհ կա, որոնցից 5-ը՝ ոստիկան, 1-ը՝ կամավորական։ Ընդ որում, այս համայնքի 2 ընտանիքում երկուական զոհ կա, երկուսում էլ հարազատ եղբայրներ են ու բոլորն էլ ոստիկաններ:

Տեսանյութեր

Լրահոս