«Վանեցյան, Օսիպյան և Գասպարյան, հավաքվե՛ք իրար գլուխ, ցույց տվեք, որ սա դավաճան է». Գևորգ Գևորգյան

«3 տարի շարունակ երկրում լինելով համար մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմություն է, խորը ընդդիմություն». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Փաշինյանի այցին Արագածոտնի մարզ, ասաց նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով՝ կազմակերպվել է ներկայացում:

«Բոլոր շոուները, որոնք կազմակերպում է ինքը, միայն իր ընդդիմադիր հայացքներից է, մարդ, որը չի գիտակցում, որ ինքը երկրում բոլորի համար է պատասխանատու՝ անկախ քաղաքական հայացքներից: Ինքն ընդդիմադիր է, այդ թվում՝ շինծու, ձևական ընդդիմադիր: Մենք, իհարկե, ունենք հասարակության որոշակի հատված, ում համար կարևոր է, որ Երևան-Իստամբուլ ավտոբուսի ռեյսն անխափան լինի, «որտեղ հաց, ընդեղ կաց» հասկացողությամբ են ապրում, ու իրենց համար չկա ուրիշ արժեհամակարգ, դա աղետ է, բայց մեծ աղետը մեզ համար կա ու մնում է այս թուրքերի գործադիր մարմինը՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով: 30-40 հոգի մարդու նկարում ես, ցույց ես տալիս 100-200 հոգի, քո նպատակը լրիվ ուրիշ է, քո նպատակը դրսի տերերի համար է, քո նպատակը էդ շոուներով քո իշխանությունը կարողանալ երկարաձգելն է»,- ասաց Գևորգյանը:

Ռազմագետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ադրբեջանական բանտերում շարունակում են խոշտանգվել մեր զինծառայողները, կամավորները, իսկ գործող իշխանությունը ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար: Գևորգյանի պնդմամբ՝ Փաշինյանը հունվարի 11-ի եռակողմ համաձայնագիրը չպետք է ստորագրեր, քանի լուծված չէր գերիների հարցը:

«Ինքը տեր չկանգնեց իր ժողովրդին, այն ժողովրդին, որն իրեն հավատում էր ու վստահում էր, էդ մարդկանց ինքը տեր չկանգնեց, նորից «տվեց փուռը», տվեց թուրքին»,- ասաց Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան «որոշմամբ» հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է փորձել բարձրացնել Փաշինյանի վարկանիշը:

«Ստեղ օրենսդիրը Ալիևն է, գործադիրը՝ Փաշինյանը: Եթե իրականում Նիկոլը գնա ընտրությունների, ես չեմ կասկածում, շատ հավանական է, որ Ալիևը որոշի Նիկոլին նվեր անի, որ իր ռեյտինգը բարձրանա, և հետ տա գերեվարված մեր ընկերներին: Տա Աստված, որ էդ նվերը գոնե էս անգամ մեր հայ ծնողների, մեր բոլորի համար լինի, բայց ինքը կարող է դա անել, որ իր գործադիրի ռեյտինգը բարձրացնի, կարևոր է, որ մեր տղերքը գան, բայց էդ մարդիկ պետք է հասկանան, որ սրանք իրենց թշնամիներն են»,- ասաց Գևորգյանը:

Այսօր առավոտյան Կառավարության կայքը գրեց, որ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը նորից նշանակվել է ԳՇ պետ, չնայած դատարանի որոշմամբ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել: Կառավարության կյանքում տեղադրված հաղորդագրությունից որոշ ժամանակ անց  Նիկոլ Փաշինյանը այցելեց ԶՈւ Գլխավոր շտաբ՝ ներկայացնելու նոր պետին: Այցից հետո Դավթյանը հայտարարություն տարածեց՝ «ԶՈւ ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվել է, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվել են իրավական դաշտ։ Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, որով պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Անդրադառնալով ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Գևորգ Գևորգյանն ասաց.

«Երբ իրենք հայտարարություն են անում, այդ հայտարարությանը պետք է տեր կանգնեն, իսկ տեր կանգնել՝ նշանակում է, որ եթե քեզ կապիտուլյանտը, ստախոսը, սրիկան, քո երկրի դավաճանը, մարդ, ով վտանգում է քո երկիրը, քո ժողովրդին, ինքը դեռ շարունակում է  մանիպուլյացիա անել, խաբեությամբ փորձում է իր իշխանազավթումը պահել, դու պարտավոր ես իրեն պատասխանատվության ենթարկելու, պարտավոր ես քո ինֆորմացիան հրապարակել, որը շատ անգամ կարող է պարունակել շատ մեծ հարված ՀՀ հեղինակությանը, բայց Նիկոլից մեծ հարվա՞ծ, ամբողջ աշխարհն է տեսնում, որ թուրքն այսօր իշխանություն է Հայաստանում»:

Գևորգյանը պնդեց, որ բոլոր նրանք, ովքեր ունեն ինֆորմացիա Նիկոլ Փաշինյանի կատարած գործողությունների մասին, պետք է հավաքվեն և խոսեն:

«ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դուրս գալուց առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որ՝ «դու սպառնալիք ես», նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ևս: Իրենք բոլորն իրենց պաշտոնները ստացել են Նիկոլ Փաշինյանի օրոք, իրենք բոլորը ծառայել են իշխանազավթի իշխանության մեջ, և իրենք բոլորը դուրս գալուց հաթաթա էին տալիս այս սրիկային, դե որ հաթաթա էիք տալիս, ուրեմն ունեք ինֆորմացիաներ, տղերք, մի հատ իրար գլուխ հավաքվեք, երեքով, ԳՇ նախկին պետի հետ միասին, իրար հետ նստեք, ձեր ինֆորմացիաները դրեք ընդհանուր «կուչկա», թեկուզ մի տոկոսը, ցույց տվեք, որ սա դավաճան է, որովհետև բոլորդ հայտարարում եք, որ պետականության վտանգն է, դե ցույց տվեք»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառալով արտահերթ ընտրություններին՝ Գևորգյանն ասաց, որ աբսուրդ է Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը, բայց նաև չպետք է թույլ տալ, որ նա առանց պայքարի վերարտադրվի:

Նա նաև պնդեց, որ Թուրքիան ուրախ է, որ ՀՀ-ում դեռ իշխում է Նիկոլ Փաշինյանը.

«Ե՞րբ է եղել ՀՀ իշխանության համար հոգի տվող թուրք»:

 

Տեսանյութեր

Լրահոս