ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով:
Ինը քաղաքացի մագիստրոսական կրթություն է ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», «Արվեստ և դիզայն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:
Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը: