Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար)։
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացառությամբ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-Զանգեր-Սառնակունք ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան հատվածներում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։