Իմ պատգամավորական աշխատավարձը 100%-ով միշտ գնացել է մանկատներին ու բանակին. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց, թե ինքը Ավանում, Շուշիում, Պտղնիում, Սևանում իր դղյակները սարքել է իր քրտինքով, իր բիզնեսով՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու:

Դիտակմանը, թե եղել է պատգամավոր, արձագանքեց. «Պատգամավոր եմ եղել, աշխատավարձ չեմ ստացել: Բոլորը գիտեն՝ իմ աշխատավարձը ուր է գնացել: Իմ աշխատավարձը գնացել է մանկատներին: Գնացեք, ստուգեք, վերջին մի քանի տարիներին իմ աշխատավարձը գնացել է բանակի 1000 դրամների ֆոնդին: Բոլո՛րը, 100% աշխատավարձս: Խնդրեմ, գնացեք, հանեք, նայեք: Ես երբևիցե չեմ ստորագրել, աշխատավարձ չեմ դրել իմ գրպանը»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը նաև խոսեց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի այն հայտարարության մասին, թե՝ «Հարսնաքարում» «սպային սպանեցին, բանակը լռեց, բանակի դուխն էդ օրվանից ընկավ»:

Հայրապետյանի խոսքով՝ Գագիկ Մելքոնյանը մոռանում է, որ բանակի դուխը ոչ թե այդ ժամանակ է ընկել, այլ այն ժամանակ, երբ ինքը Ավանում բանակի փողերով կոոպերատիվ տեխնիկում էր առնում, 10 տարի թալանում էր բանակը, Անապայում հյուրանոց էր կառուցում ընկերոջ հետ, ու խաբվում՝ ընկերոջ կնոջ կողմից:

«Բանակն այնտեղ է կոտրվել, որ Նիկոլի նման մարդը, որը տասնյակ տարիներ քննադատել է բանակին, գալիս է, գեներալները կանգնում են Նիկոլի առաջ, պատվի են առնում: Բանակը կոտրվել է այնտեղ, երբ Արման Բաբաջանյանին տանում են, բրիգադը կանգնում է, պատվի է առնում Բաբաջանյանի դիմաց: Այ բանակը այդտեղ է կոտրվել: Բանակը կոտրվել է, երբ Ապրիլյան հանձնաժողով են ստեղծում․․․ մի հատ նայեք՝ այդ հանձնաժողովի անդամներն ովքեր են: Տեսեք՝ գեներալներին, գնդապետներին ու զինվորականներին բերում, նսեմացնում են»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս