«Սիսիանի ավագ դպրոցում եղավ ընտրություն, իրենց թեկնածուն չանցավ՝ ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուին չնշանակեց». Սիսիանի համայնքապետ
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում օգտագործելու է վարչական ռեսուրս։
«Ասածս հիմնավորեմ ու ասել՝ ինչու։ 2,5 տարի է, իշխանությունները բոլոր դպրոցներում փորձել են հանձնաժողովները փոխել ու ներգրավել իրենց բարեկամներին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որն ԱԺ-ում ասում էր՝ եկել ու վերացրել են նախկին ՀՀԿ ավանդույթները, որ դպրոցներում տնօրեններ ընտրում էին բարեկամ-ծանոթներով։ Վստահաբար կարող եմ ասել, ու դուք փաստերով կարող եք ստուգել՝ բոլոր հանձնաժողովներում իրենց մտերիմներն են, բայց դա չի նշանակում, որ կարող են իրենց մարդկանց ընտրել։ Սիսիանի ավագ դպրոցում եղավ ընտրություն, իրենց թեկնածուն չանցավ, այլ անցավ Սիսիանի մեր ավագանուց, սակայն ԿԳՄՍ նախարարը չնշանակեց։ Փաստերով կարող եմ ասել՝ ընտրվեց, նախարարը հրամանը չտվեց»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներին տեղեկացրեց Սիսիանի քաղաքապետը։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ անդրադարձավ Սյունիքում սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, որ այս աշխատանքները մասամբ կատարված են, քանի որ ընթացքում լինում է, որ թշնամու հետ ինչ-որ բանակցություններ են ընթանում։
«Դեռ 100 տոկոսով սահմանազատման աշխատանքներն ավարտված չեն։ Գործող իշխանությունը երբեք որևէ հստակություն չի մտցրել, թե առհասարակ ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո։ Հաճախ հնչում է այն միտքը, թե Սյունիքի վարչական ղեկավարներն են բանակցում թշնամու հետ, այո, կա նման բան, բայց տեղական մակարդակում մեր բանակային առաջին կորպուսն էլ է իր գործն անում»,- շեշտեց Առուշ Առուշանյանը։
Ինչ վերաբերում է Կառավարության պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, թե Շուռնուխում իրականացվող աշխատանքներն իշխանություններն են իրականացնում, Առուշ Առուշանյանը հակադարձեց, որ Կառավարությունը Շուռնուխում որևէ բան չի անում, այդ ամենը պարզապես միֆ է։
«Այդ հատվածում այն տեխնիկան ու ամենը, ինչը կար համացանցում, պատկանում էր բարերարներին։ Այն աշխատանքները, որոնք այսօր կատարվում են Շուռնուխում, մի մասը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մի մասը՝ բարեգործները։ Շուռնուխում այս պահին կառուցվում է 30 տուն, նաև այն արցախահայերի համար, որոնք տուն չունեն։ Նշում են, որ կառավարությունն ինչ-որ աշխատանքներ է անում, այնպիսի տպավորություն է, որ դա իրենց անձնական միջոցներից է, մինչդեռ իմ, ձեր, բոլորիս վճարած հարկերից է։ Կառավարությունն այնպես է ներկայացնում, որ կատարվող ասֆալտապատման աշխատանքները կամ այլ աշխատանքներ իրենց անձնական միջոցներից են անում»,- հավելեց Գորիսի համայնքապետը։