Գազի գնին կտրվի ժամանակավոր լուծում․ փորձագետ

Օրերս ՀՀ կառավարական պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ երկօրյա այցով գործուղվել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Ըստ Կառավարության որոշման, պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Թե որն էր գործուղման նպատակն ու Մոսկվայում քննարկվելիք հարցերի շրջանակը՝ որոշման մեջ նշված չէր։ Սակայն, ըստ էության, գազային բանակցություններին հետևող բոլոր մասնագետների համար պարզ դարձավ, որ այցի նպատակը գազային հերթական բանակցություններն էին, դատելով պատվիրակության կազմից և ժամանակահատվածից, քանի որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, ինչը ենթադրում է, որ հարկավոր են նոր պայմանավորվածություններ կողմերի միջև գազի գինն անփոփոխ թողնելու համար, քանի որ վերջին տարիներին գազային գնի կորը միայն դեպի վեր է շարժվում։

Մեզ հետ զրույցում ռուս էներգետիկ ոլորտի մասնագետ, փորձագետ Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Ռուսաստանի գազային քաղաքականությունը որքան էլ տնտեսական և էներգետիկ ոլորտում տեղավորվող ոլորտ է, սակայն ուրվագծվում է քաղաքականությամբ, և զեղչային քաղաքականությունը կիրառվում է` հաշվի առնելով համագործակցության խորությունը։

«Հենց այդ պատճառով, երբ Հայաստանն ու Բելառուսը պահանջում էին ԵԱՏՄ գոտում գազի միասնական գին, Ռուսաստանը հստակեցրեց դրա պայմանները, որ նախ՝ հարկավոր է ավելի խորը ԵԱՏՄ ինտեգրացիա, միասնական շուկայի ձևավորում և այլն։ Դեռ հասկանալի չէ՝ արդյո՞ք բոլորը ցանկանում են շարժվել այս ճանապարհով։ Բայց միասնական շուկան ժամանակ է պահանջում և ենթադրում է քաղաքական ինտեգրացիա։ Բացի այդ, կան Ռուսաստանից անկախ տնտեսական գործոններ»,- ասաց Սիմոնովը։

Իսկ թե ինչ արդյունքի կհասցնեն բանակցությունները, Սիմոնովը գտնում է, որ ամենայն հավանականությամբ այս փուլում կերկարաձգվեն ներկայիս գները, այսինքն՝ ներկայիս պայմանագիրը, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպիսին է իրավիճակը երկրում, և ինչ է տեղի ունեցել։

«Այս ամենի հետ է կորոնավիրուսն իր տնտեսական վտանգներով։ Պատերազմը ևս տնտեսական մեծ հարված հասցրեց, ամիսներ են անցել պատերազմից, այս ամենը հասկանալի է, ներքաղաքական անկայունությունը՝ ևս, ուստի ավելի ձեռնտու է բանակցությունները հետաձգել և հետագայում կայուն լուծում տալ։ Քիչ չեն եղել դեպքերը, որ Ռուսաստանը հենց այդպես էլ վարվել է՝ երկարաձգել է գործող գները՝ հետաձգելով հարցի քննարկումը։ Պետք է հասկանալ, որ տնտեսական խնդիրներ կան նաև Ռուսաստանում»,- ասաց նա։

Սակայն, նրա խոսքով, այս փուլում կլինի ժամանակավոր լուծում, և կարիք է լինելու այնպիսի բանակցություններ վարել, որի արդյունքում համաձայնեցված գինը լինի ձեռնտու թե Ռուսաստանին, թե Հայաստանին։

«Նախորդ շրջանի բանակցությունները ցույց են տվել, որ չնայած մշտապես վարվող զեղչային քաղաքականությանը, եղել են դժգոհություններ, համեմատություններ են արվել համաշխարհային գազի գների հետ այն դեպքում, երբ այս գոտում այլ մեխանիզմներ են գործում, և այդ ամենը մանրամասն քննարկել ու բանակցել է հարկավոր։ Կարծում եմ՝ ոչ բոլոր դեպքերում է ձեռնտու Հայաստանին կախված լինել համաշխարհային գներից, որոնք անընդհատ տատանվում են՝ իջնում և բարձրանում, պետք է քննարկել սահմանին բարձրացող գնի հարցը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս