«Չունենք այն մարդը, որը կվերցներ այդ փաստերը և դրանց հիման վրա բանակցություններ կտաներ։ Հետևաբար՝ թշնամին GPS-ով է սահման գծում». Առուշ Առուշանյան
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սյունիքի անվտանգությանը՝ նկատեց, որ թուրքն այսօր Կապանում է, Որոտանում, Շուռնուխում, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է Սյունիքը լինել անվտանգ, ինչպես պնդում է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մենք նոր ենք ուզում ճանաչել, թե թուրքն ո՞վ է, թե՞ թուրքի տեսակն արդեն փոխվել է։ Թուրքը Սյունիքում է, իսկ քաղաքական այսօրվա իմպոտենտ թիմը հայտարարում է, թե Սյունիքն անվտանգ է, դա անվտա՞նգ է, ժողովուրդ։ Մենք մինչև վերջ մեր հողն ու ջուրը պահող ենք, որովհետև հողն իր տիրոջն է ճանաչում, հիշեք՝ մի օր էլ այս ուխտը գալու է ձեր տան դեմը չոքի, սա մեր երկրի խնդիրն է, բերեք չառանձնացնենք Սյունիք, Արագածոտն և այլն, մենք հայ ենք»,- նշեց նա։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ ասաց, որ ունեն բազմաթիվ փաստեր և դրա մասին բազմիցս բարձրաձայնել են, որ Որոտանում, Շուռնուխում, Կապանում և այլ հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանական դրոշ կա, հայկական են։
«Չունենք այն մարդը, որը կվերցներ այդ փաստերը և դրանց հիման վրա բանակցություններ կտաներ։ Հետևաբար՝ թշնամին էլ օգտվել է այդ առիթից և իր GPS-ով է սահման գծել, դրա համար ունենք այն, ինչ ունենք։ Իսկ եթե ունենանք նորմալ ադեկվատ մարդիկ, որոնք այդ խնդիրներն այլ հարթակներում կբարձրացնեն, այդ փաստերով կբանակցեն»,- շեշտեց նա։