Բաժիններ՝

Ովքե՞ր են ԱՊԼ-ի, Լա լիգայի, Ա սերիայի և Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

L’Equipe-ը նշել  է ամենաբարձր վարձատրվող խաղացողներին և մարզիչներին մի քանի թոփ առաջնություններում։

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալից», Անգլիայի առաջնությունում ամենաշատն է ստանում խաղացողներից՝ ամսական 2,5 միլիոն եվրո (գումարը նշված է թիվը՝ առանց հարկերի): Բեյլի աշխատավարձի մեծ մասը վճարում է մադրիդյան ակումբը:

Հաջորդը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան է (1,85 մլն եվրո), «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն (1,58 մլն եվրո), «Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը (1,48 մլն եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան (1,43 մլն եվրո):

Առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը Պեպ Գվարդիոլան է, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (1,89 միլիոն եվրո): Երկրորդ տեղը բաժանել են  «Տոտենհեմի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը (1,42 միլիոն եվրո):

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության ֆուտբոլիստներից ամենաշատն է ստանում՝ ամսական 10,5 միլիոն եվրո (գումարը նշված է թիվը՝ առանց հարկերի):

Երկրորդ տեղը կիսել են «բլաուգրանայի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը (2.9 միլիոն), Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը (2.5 միլիոն) 4-րդ տեղում է, իսկ սերուցքայինների պաշտպան Սերխիո Ռամոսը՝ 5-րդը (2 միլիոն):

Լա Լիգայի մարզիչների կազմում ամենաշատը ստանում է «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն (3,6 միլիոն եվրո), որին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը (1,4 միլիոն) և «Բարսելոնայի» մարզիչ Ռոնալդ Կումանը (1,2 միլիոն եվրո):

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության ֆուտբոլիստներից ամենաշատն է վաստակում՝ ամսական 4,53 միլիոն եվրո (գումարը նշված է առանց հարկերի):

Երկրորդ տեղում «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն է (1,07 միլիոն), երրորդում՝ «Յուվենթուսի» պաշտպան Մատիսի դե Լիգտը (1,02 միլիոն): Չորրորդ տեղը բաժանել են  «Ինտերի» խաղացողներ Ռոմելու Լուկակուն և Քրիստիան Էրիկսենը (0.95 միլիոն):

Ա Սերիայի միակ մարզիչը, ով ամսական ավելի քան 1 միլիոն եվրո է վաստակում, Անտոնիո Կոնտեն է, որը գլխավորում է «Ինտերը» 1,38 միլիոն եվրոյով: Երկրորդ տեղում է «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան (0,38 միլիոն), որին հաջորդում է «Ատալանտայի» մարզիչ Ժան Պիերո Գասպերինին (0,36 միլիոն):

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության ֆուտբոլիստներից ամենաշատն է վաստակում՝ ամսական 3,06 միլիոն եվրո՝ առանց հարկերի:

Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է (2,098 միլիոն), երրորդ տեղը կիսում են Մարկինյոսը և Մարկո Վերատին (յուրաքանչյուրը՝ 1,2 միլիոն):

Միայն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն են ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում: Մարկինյոսից և Վերատիից հետո են Անխել Դի Մարիան (1,1 միլիոն), Քեյլոր Նավասը (1 միլիոն), Մաուրո Իկարդին (800 հազար), Լեանդրո Պարեդեսը (750 հազար), Խուան Բերնատը (700 հազար) և Պրեսնել Կիմպեմբեն (670 հազար):

Մարզիչների շրջանում ամենաշատը վաստակում է կրկին ՊՍԺ-ի նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն (ամսական 940 000 եվրո), որին հաջորդում են «Մոնակոյի»  մարզիչ Նիկո Կովաչը (400 000 եվրո) և «Մարսելի» նոր մարզիչ Խորխե Սամպաոլին (300 000 եվրո):

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս