«Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին». Սյունիքի նախկին մարզպետ
Այսօր Երևանում տեղի ունեցավ նոր կազմավորված «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսը։
Կուսակցության նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, կուսակցությունում ընդգրկված են Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներ։
Վահե Հակոբյանը նախ հիշեցրեց, թե ինչպես կապիտուլյացիայից հետո Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և թե ինչպես վերջինս այցելեց Սյունիք ու մերժվեց՝ Սիսիանից վերադարձավ Երևան։
«Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն առաջինը բարձրացվեց Սյունիքից, քանի որ այսօր սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է, թե ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հակիրճ ամփոփելով իշխանության վերջին երեք տարիների քաղաքականությունը, նա շեշտեց, որ իշխանության անտաղանդ քաղաքականության պատճառով երկիրն ունեցավ բազմաթիվ տնտեսական անկումներ, օրինակ, արտաքին պարտքը 2-3 մլրդ դոլարով բարձրացել է, սակայն դրան զուգահեռ՝ երկրում որևէ տնտեսական բարեփոխում տեղի չունեցավ՝ բացի պաշտոնյաների պարգևավճարներից։
«Կորոնավիրուսի դեմ պայքարն այս իշխանությունը նույնպես տապալել է, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը լոքդաունի մեջ էր, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, ինչը սկսեց Սյունիքից ու առաջարկեց կորոնովիրուսի դեմ պայքարել օղիով ու պինցետով։ Այդ ամենի արդյունքում ունեցանք 4 հազարից ավելի զոհ։ Մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը տանուլ տված պատերազմն է։ Արտաքին քաղաքականությունը տապալված է, որի հետևանքով էլ հրահրվեց այդ պատերազմը՝ ոչ ադեկվատ վարչապետ, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են երկիրն այսօր պահել այս վիճակում»,- հավելեց կուսակցության նախագահը։
Ըստ նրա, կուսակցությունն անվանել են «Վերածնվող Հայաստան», քանի որ համոզված են՝ երկրին այսօր անհրաժեշտ է վերածնվել, ընդ որում՝ վերածնվել բոլոր ոլորտներում։
«Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին։ Այո, գրեթե բոլորս էլ եղել են Հանրապաետական կուսակցության անդամներ և դրանից չենք ամաչում, եկեք գործերով դատենք։ Այն, ինչն այսօր Նիկոլը բղավում է և երեք տարում միայն բղավում է, 2016 թվականից մենք արդեն կատարել էինք։ Շատ քաղաքապետներ ընդգրկվել են ՀՀԿ կազմ 2016 թվականից, երբ Կարեն Կարապետյանը դարձավ երկրի վարչապետ, փոխվեցին ինչ-որ մոտեցումներ, այդ թվում՝ ՀՀԿ-ում, խնդիր էր դրվում, որպեսզի ազատվեն լճացումից, մենք որոշեցին, որ դա չենք կարող դրսից անել, ուստի որոշեցինք ընդգրկվել ՀՀԿ կազմում, դա մեզ համար շատ մեծ փորձ էր։ Ինչ վերաբերում է դուրս գալուն, ապա երբ մարզում տեղի ունեցավ առողջացում և ներդրումներ, և եկավ այս ապաշնորհ թիմը, մենք շատ լավ գիտեինք, որ վտանգում ենք մեր այդ ներդրող ընկերներին, և որոշում կայացվեց դուրս գալ իշխանությունից, որպեսզի նրանց ազատենք հարվածից»,- շեշտեց նա։
Արտահերթ ընտրություններին մասնակցելու և վարչապետի թեկնածու ունենալու վերաբերյալ հարցերին կուսակցությունը կանդրադառնա իր համագումարի ժամանակ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում