Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է Թուրքիային
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գերմանական «Die Welit» թերթին տված հարցազրույցում խնդրահարույց է համարել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բուրիչը նշել է, որ քաղաքական կուսակցությունների իրավունքները ևս պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը հավաքներ կազմակերպելու և միավորումներ ստեղծելու իրավունքի երաշխավորն է։
«ՄԻԵԴ-ը բացահայտ ընդգծում է քաղաքական կուսակցությունների առանցքային դերը ժողովրդավարության պահպանման հարցում։ Դատարանը միայն ծայրահեղ դեպքերում կարող է արդարացի համարել քաղաքական կուսակցության լուծարումը կամ նրա գործունեության արգելքը՝ որպես այլընտրանք չունեցող միջոց», – նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Բուրիչը ընդգծել է, որ քաղաքական կուսակցությունը չի կարող արգելվել միայն այն բանի համար, որ փորձում է հանրային քննարկման առարկա դարձնել հասարակության այս կամ այն հատվածի դրությունը։
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայում նախկինում էլ կուսակցություններ են փակվել։ ՄԻԵԴ-ի օրակարգում ավելի վաղ 7 նման գործ է քննվել, որոնցից 6-ի դեպքում եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի կառավարությանը՝ եզրակացնելով, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
ԵԽ գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ՝ ԺԴԿ-ի գործունեության արգելքի դեպքում ևս ՄԻԵԴ-ը նմանատիպ որոշում կարող է կայացնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԺԴԿ-ի դեմ հարուցված դատական գործի առթիվ Գերմանիայի կառավարության անունից մտահոգություն էր հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։