Եթե հրաժարական տա, և նոր ընտրություններ կազմակերպվեն, մենք հերթական խեղկատակության հետ ենք գործ ունենալու. Պարույր Հայրիկյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մարտի 18-ին հայտարարեցին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Այս մարդը և նրա մերձավորները պարզապես տարրական աշխատանք կատարելու ընդունակ չեն: Ողջախոհ մարդկանց համար Նիկոլից սպասելի միակ բանն այն է, որ Նիկոլն ասեր՝ ես սխալ տեղում էի, ինձ կներեք, եթե կարող եք, ու ասպարեզից հեռանար: Նրանք, ովքեր հույսեր են կապում նրա ինչ-որ ձեռնարկների հետ, ինձ համար, մեղմ ասած՝ զարմանալի է: Ակնհայտորեն արդեն չարիք դարձած անձը մեր կյանքում որևէ դրական ներդրում ունենալ չի կարող»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ երեք տարվա ընթացքում չի կարող նշել մի գործ, որը սկսվել և ավարտվել է:
«Եվ այսօր, երբ խոսում ենք ընտրությունների մասին, պետք է նկատի ունենանք հենց Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչած խոսքերը: Երեք տարի առաջ այս օրերին, երբ ընդունվեց իրենց կառավարության առաջին ծրագիրը, շատ հստակ ասացին, որ այս Ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ անցկացնել հնարավոր չէ: Եվ դա էր պատճառը, որ ասացի՝ դուք այն ժամանակ էիք սրիկա, երբ նախկինների Ընտրական օրենսգրքի մասին ասում էիք, որ վատն է, կամ էլ հիմա ես սրիկա, երբ ասում ես, որ դու արդար ես ընտրված: Դրա համար բոլորս, նույնիսկ տարաձայնություններով հանդերձ, պետք է հասկանանք, որ այսօրվա առաջնահերթ խնդիրը Նիկոլի հեռացումն է: Սակայն ասել՝ Նիկոլ, հրաժարական տուր, կասի՝ չեմ տալիս: Դա լուծում չէ, դրա համար կա այլ ճանապարհ: Սկսել եմ որոշ բանակցություններ: Որևէ ազգի, պետության համար ամենակարևոր խնդիրը հիմնական օրենքն է: Անցած տարի փետրվարի 12-ին կառավարության որոշման համաձայն պետք է մինչև հունիս հայեցակարգը մշակված լիներ, իսկ սեպտեմբերին՝ Սահմանադրության նախագիծը: Հետո կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն կատարեցին. տեղափոխեցին մինչև դեկտեմբերի 31: Ինքը ցույց է տալիս, որ անկարող է, աշխատունակ չէ և այդ ամենը զուգորդում է կեղծիքներով և խախտումներով»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդն ընդգծեց՝ Սահմանադրական հանձնաժողով է հավաքված, գրանցված 7 կուսակցություն տալիս է նախագիծ, և օրենքով նախատեսված ժամկետ կա. մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխանեն, սակայն դեռ պատասխան չկա:
Արդեն անցել է այդ ժամկետից 8 օր, 7 կուսակցությունները դիմում են՝ հարցնելով, թե ի՞նչ եղավ իրենց առաջարկը, քանի որ պատասխան չկա, բավական է՝ բոլոր կուսակցությունները հասկանան, որ նույն բանը իրենց է սպասում:
«Սա հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի ասվի՝ եթե չես աշխատում՝ պետք է ռադդ քաշես: Կարելի է պահանջել, որպեսզի 3 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունն արձագանքի Սահմանադրության փոփոխության նախագծին:
Գնում, շրջապատում ենք Արդարադատության նախարարությունը, 3 օրվա մեջ պարտավոր են արձագանքել, ուզեն-չուզեն՝ ասելու են, որ շատ լավն է, սա գնում է ԱԺ, ընտրության եք նախապատրաստվում, ինչ եք անում, արձագանքեք: Այս դեպքում դու ոչ թե ասում ես՝ քննարկեք Նիկոլի հրաժարականի կամ ռազմական դրությունը հանելու հարցը, այլ ձեզ տրված է մեր հիմնական օրենքը, և նույն հունիս ամսին մենք կունենանք նոր Սահմանադրություն և Ընտրական օրենսգիրք՝ առանց այս խուժանների վերահսկողության»,- նկատեց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդն ասաց նաև, որ այս «խուժան» Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններին ինքը չի մասնակցելու:
«Եթե հրաժարական տա, և նոր ընտրություններ կազմակերպվեն, մենք հերթական խեղկատակության հետ ենք գործ ունենալու»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը: