Բաժիններ՝

Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլները հանդես կգան համատեղ համերգով

Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլները մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանան համատեղ «Զարթոնք» համերգային ծրագրով՝ փորձելով դրական հույզեր փոխանցել հայկական ժողովրդական պարի երկրպագուներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանն ասաց, որ համերգի գաղափարն իրենցն է: «Համավարակ, հետո էլ պատերազմ… Որոշեցինք հյուրընկալել Արցախի պարի պետական անսամբլին, որը երկու օր կլինի Երևանում, և «Զարթոնք» համերգով ցույց տալ գեղեցիկը, ընդգծել, որ կյանքը շարունակվում է»,- շեշտեց Չանչուրյանը:

Համերգային ծրագիրն սկսելու են «Զարթոնք» պարով՝ Խաչատուր Ավետիսյանի հրաշալի ստեղծագործությամբ, որի բեմադրության հեղինակը Գագիկ Կարապետյանն է: Անսամբլի տնօրենը վստահ է՝ համերգը ժողովրդին դուր կգա, հնարավորություն կտա լիցքաթափվել:

Ինչպես բազմաթիվ այլ կոլեկտիվներ, այնպես էլ Պարի պետական անսամբլը համավարակով պայմանավորված սահմանափակումների ընթացքում ստիպված է եղել աշխատել ոչ սովորական պայմաններում: Պարողները փորձերի են մասնակցել փոքր խմբերով: «Աշխատում էինք վեց պարողի հետ, հետո ախտահանում տարածքն ու աշխատում հաջորդ վեցի հետ: Այդպես կարողանում էինք պարողներին մարզավիճակում պահել: Կոլեկտիվի մեծ մասն արդեն վարակվել է, լավացել: Այժմ ավելի հանգիստ ենք գործում»,- պատմեց անսամբլի տնօրենը:

Նրա խոսքով՝ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում թե՛ Երևանում և ՀՀ մարզերում, թե՛ արտերկրում: Տարվա ընթացքում ավելի քան տասը բարեգործական համերգով են ներկայանում ՀՀ մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս