ՀՅԴ-ն կմասնակցի՞ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը, կմասնակցի դաշինքո՞վ, թե՞ միայնակ
Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իր ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել է արտահերթ խորհդարանական ընտրության օրը, թեև ՀՀ Սահմանադրության հոդված 93-ով «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումների մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերելով՝ պարզապես շեղում է մարդկանց ուշադրությունը՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Սյունիքի, Զանգեզուրի խնդրից։
«Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ նրա հանդիպումներին, ապա պետք է ասել, որ դրանք շարքային հանդիպումներ են, որովհետև Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալ-չգնալու հարցը կարող էր լուծել իր քաղաքական թիմով, որը խորհրդարանում մեծամասնություն էր և, խոշոր հաշվով, Գագիկ Ծառուկյանից բան կախված չէ. Փաշինյանն ունի սահմանադրական մեծամասնություն»,- ասաց Խաչատրյանը։
«Ւսկ եթե որոշել է գնալ արտահերթ ընտրության, ապա դա փողոցի ճնշման արդյունքն է»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումն այդ դեպքում. եթե ի վերջո ընտրություններ տեղի ունենան, և դրանք կազմակերպի Փաշինյանը, կուսակցությունը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, ՀՅԴ անդամը պատասխանեց.
«Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել, հարցը մեր օրակարգում չկա, երբ մտնի օրակարգ, այն ժամանակ էլ կքննարկենք»։
Ճշտող հարցին՝ ընտրության գնալու դեպքում՝ կգնան միայնա՞կ, թե՞ դաշինքով, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.
«Ես չեմ հասկանում, թե այդ հարցն ինչո՞ւ է շրջանառվում։ Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ մեր կուսակցությունն ընտրության գնա բլոկով։ Այդ հարցը ևս դեռ չի քննարկվել, իհարկե, չեմ բացառում՝ որևէ բան փոխվի, բայց պատմական շարքին երբ նայում եք, տեսնում եք, որ միայնակ է գնացել միշտ ընտրություններին ՀՅԴ-ն։ Այսօր հիմք չունեմ փոփոխության մասին խոսելու»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամն անդրադարձավ նաև այսօր պաշտոնապես հաստատված մեկ իրողության ևս, որով վարչական դատարանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցով կիրառեց հայցի ապահովման միջոց, և փաստացի Գասպարյանը կմնա ԳՇ պետ, քանի դեռ չկա նրա ազատման իրավաչափությունը հիմնավորող դատարանի որոշում։
«Ստացվում է՝ Հայաստանում ունենք մի այնպիսի վտանգավոր իրավիճակ, երբ ԳՇ-ն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ողջ թիմով պետք է հրաժարական տա, և ունենք երեք ԳՇ պետ՝ շնորհիվ Փաշինյանի կայացրած որոշումների, իսկ դա նշանակում է, որ բանակում կարող է ստեղծվել երկիշխանություն՝ ոչ թե Գլխավոր շտաբ-Պաշտպանության նախարարության, այլ զորքի մեջ, ինչը թույլ տալ չէր կարելի։ Փաշինյանը, իհարկե, փորձեց զորքերի մեջ էլ հաստատել իր բացարձակ իշխանությունը. չեմ ասում, թե հաջողվել է, բայց փորձ արեց այն պայմաններում, երբ երկրորդ պատերազմը սարերի հետևում չէ, Ադրբեջանը զորավարժություններ է անում, իսկ Զանգեզուրի հարցը դեռ Ադրբեջանի օրակարգում է»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ Փաշինյանն իր հետևողական քայլերով գնում է բանակի կազմաքանդման, ինչպես կազմաքանդել է տնտեսությունը և պետական կառավարման համակարգն ամբողջությամբ։
«Իսկ բանակի կազմաքանդումը պետք է դիտարկել պետականության կործանման համատեքստում»,- ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը՝ բանակի ու պետականության կործանում թույլ չտալու համար ի՞նչ գործառույթ ունի իրականացնելու այդ դեպքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.
«Եթե մարդը պահանջում է վարչապետի հրաժարականը, ապա նա պետք է քայլեր ձեռնարկի։ Կարծում եմ՝ պետք է վարչապետին հասկացնի, որ նա այլևս ժողովրդի ներսում հենարան չունի, եթե Օնիկ Գասպարյանն ու Զինված ուժերը լավ բացատրեն՝ Նիկոլ Փաշինյանը կհասկանա»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում