«Պետք է արձանագրել, որ ԳՇ պետն ազատված է պաշտոնից». Ռուստամ Բադասյան
Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կայացրած դատարանի որոշմանը։
«Վարչական դատարանը նախ պետք է պարզաբանի, որ հայցի ապահովման որոշումը կայացնելիս վերջնական դիրքորոշում չի արտահայտում, այլ ցանկացած հայցի ապահովում, որն ընդունվում է, նպատակ է հետապնդում, եթե դատական ակտի հետագա կատարումը վերջնական կարող է անհնարին դառնա կամ դժվարացնի՝ ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ։
Որքանով հասցրել եմ ծանոթանալ որոշ փաստաթղթերի, խոսքը գնում է նրա մասին, որ բավարարվել է հայցի ժամանակավոր բավարարում և դատարանի կողմից ճանաչվել է իրավահարաբերության բացակայությունը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Ինչ վերաբերում է Վարչական դատարանի կողմից կայացրած որոշմանը, ապա նախարարի մեկնաբանությամբ, այն ըստ էության որևէ հարկադիր կատարում չի ենթադրում և սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որ բերվի նախկին վիճակի։
«Ես գնահատական չտվեցի որոշմանը, այլ ընդամենը մեկնաբանեցի սահմանադրական նորմերի կենսագործումը պրակտիկայում, որն արդեն ավարտվել է։ Վարչական դատարանի որոշումը նշանակում է, որ հայցի ապահովումը կիրառվել է, կիրառվել է հայցի ժամանակավոր բավարարում, այդ մասով լրացուցիչ ուսումնասիրություններ գուցե մենք անենք։ Վարչապետի կողմից սահմանադրական նորմի հիման վրա ներկայացվել է ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկություն, այդ առաջարկին կցվել է նախագահի հրամանագրի նախագիծը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը։ Սահմանադրական նորմը որևէ շրջադարձի հնարավորություն թույլ չի տալիս, այդ ակտը իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Այս կոնտեքստում պետք է արձանագրել, որ ԳՇ պետը ազատված է պաշտոնից, այսինքն՝ Վարչական դատարանի որոշումը որևէ հարկադիր կատարում չի ենթադրում»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։