Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության մրցանակակիրները
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների՝ օրերս կայացած առաջնությանը մասնակցել է շուրջ 190 մարզիկ:
Երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանն այդ ցուցանիշն ու ծանրորդների ելույթները գոհացուցիչ է համարում: «Ուրախացնում և ոգևորում է այն փաստը, որ չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով եղած մարզումային և մրցումային սահմանափակումներին՝ մարզիկները չեն հիասթափվել ու շարունակել են զբաղվել ծանրամարտով: Մասնակիցների քանակն ինքնըստինքյան լուծում է մարզաձևում սերնդափոխության հարցը. այն շատ սահուն է ընթանում: Կարծում եմ՝ ամեն տարի երիտասարդական հավաքականից գոնե երկու մարզիկ պետք է տեղափոխվի մեծահասակների ընտրանի: Օրինակ՝ անցյալ տարի հավաքականը համալրեցին երկու ուժեղ ծանրորդներ՝ Վարազդատ Լալայանը և Կարեն Ավագյանը: Այս միտումը պետք է շարունակվի»,- ասել է Մելիք Ղուկասյանը և հավելել, որ Հայաստանի առաջնության արդյունքներով՝ 10-13 ծանրորդ կընդգրկվի երիտասարդական հավաքականում՝ հնարավորություն ստանալով մասնակցելու աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի 3 ուսումնամարզական հավաքներին:
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մայիսի 23-31-ը կայանալու է Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Հայաստանն այդ ստուգատեսում կունենա 5-6 ներկայացուցիչ: «Հայաստանի առաջնության ընդհանուր մակարդակից դժգոհ չեմ: Կան խոստումնալից երիտասարդներ, որոնք իրենց դրսևորելու հնարավորություն կստանան նաև առաջիկա հավաքներին: Որոշ քաշային կարգերում եղել են հաճելի անակնկալներ. օրինակ՝ 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանի արդյունքը տպավորիչ էր, երկամարտի 290 կգ-ը նորմալ արդյունք է ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնության համար: Գարիկ Կարապետյանը (96 կգ քաշային կարգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) ևս լավ արդյունքներ գրանցեցին: Եղել են նաև հավաքականում արդեն իսկ ընդգրկված մարզիկներ, որոնք անհաջող են հանդես եկել, նրանց մարզավիճակը վերականգնելու ևս մեկ հնարավորություն կտրվի առաջիկա հավաքների ընթացքում, որոնց արդյունքում էլ վերջնական կորոշենք՝ ովքեր կմասնակցեն աշխարհի առաջնությանը»,- փաստել է Մելիք Ղուկասյանը: