Արմավիրում փորձել են 43-ամյա կնոջ մալուխով խեղդել
Մարտի 4-ին Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, երբ աշխատանքից վերադարձել էր տուն և պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։ Ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը գործն ավարտին չհասցրած՝ փախել էր։ Երեք օր վախեցել էր ոստիկանություն դիմել, բայց չդիմելն ավելի վախենալու էր…
Սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ հարուցվեց։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին։ Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի Նալբանդյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։
Մարտի 6-ին կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են։
48-ամյա տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։