««Բարսայում» մնալն իդեալական է Մեսսիի համար»․ դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Ես զգում եմ, որ պատկանում եմ մի ակումբի, որին նվիրեցի իմ կյանքի 36 տարին: Դա «Ռեալն» է։ Բայց ակումբ փոխելու որոշման մեջ ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել: Կարևոր է լինել լավ մասնագետ, պաշտպանել քո ակումբի գույները և խանդավառությամբ նայել թիմի գործերին:
Մեսսին ցույց տվեց, թե ինչ է արել իր ակումբի համար, և ցույց տվեց, որ ինքը ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: «Բարսելոնայում» խաղալ շարունակելը իդեալական լուծում է նրա համար, բայց նա, իհարկե, կարող է անել այն, ինչ ուզում է»,- ասել է Դել Բոսկեն:
Երկուշաբթի օրը արգենտինացին կրկնել է «Բարսայի» նախկին կիսապաշտպան Չավիի ռեկորդը ակումբում անցկացրած խաղերի քանակով: Խաղացողը ակումբային համակարգում է 2000 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Լա լիգայի 25 խաղում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան