«Եթե ընտրություններին Նիկոլը պետք է մասնակցի, դա մեզ համար ընտրություն չէ». Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցում պայքարող մարդկանց՝ նկատեց՝ այսօր ժողովուրդը 80-90 տոկոսով  կանգնած է այն դիրքերում, որում այսօր կանգնած է Հանրապետական կուսակցությունը։

«Եթե ընտրություններին Նիկոլը պետք է մասնակցի, դա մեզ համար ընտրություն չէ։ Նրա մասնակցությունն ընտրություններին մեզ համար բավական է, որ այն, ինչ այսօր ամբողջ ժողովուրդն է ասում և, կարծում եմ, նաև դուք, այդ խնդիրը Նիկոլի համար լուծված է՝ նա երբեք իշխանության չի գալու։ Նիկոլը երբ եկավ իշխանության, խոսում էր Սերժի մասին և Հանրապետականի մասին, մնացած բոլորը մասնակցեցին ժողովրդական շարժմանը, խոսքը նաև վերաբերում է կուսակցություններին։ Ինչպես Նիկոլին ընտրել են, այնպես էլ թող աշխատեն նրան հեռացնելու համար, դա մեզ հետ կապ չունեցող խնդիր է»,- նշեց Գալուստ Սահակյանը։

Նա նաև շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո, բանտում նստեցրեց ոչ միայն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլև պայքարում է մյուս հերոսական մարդկանց դեմ։

«Սա այդ մարդն է, և նա ՀՀ-ում կա՛մ պետք է չլինի, կա՛մ դատական օրգանները կորոշեն, մի մտածեք, որ Նիկոլը կգա իշխանության։ Դուք համարում եք, որ Նիկոլն իշխանությա՞ն է, տեսե՞լ եք որևէ երկրում որևէ իշխան ոստիկանության ուղեկցությամբ շրջի։ Նա այսօր իշխանության չէ։ Երբ խոսք էր գնում Արցախի մասին, ասում էր՝ արցախցին իրեն չի ընտրել, բա այդ ինչպե՞ս Արցախը հանձնեց թշնամուն»,- հավելեց Գալուստ Սահակյանը։

Ըստ նրա՝ ազգը պետք է գնա իր ճանապարհով, իր գաղափարախոսությամբ, քանի որ ազգայինն է, որ ազգին կդարձնի ավելի ուժեղ։

Լրագրողի դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի պրոյեկտն է, և իրենք էլ թույլ են տվել  գալ իշխանության, Գալուստ Սահակյանը հակադարձեց՝ վիրավորական բան են ասում, որին չի էլ ուզում պատասխանել։

«Նիկոլն ո՞վ է, որ մեր իշխանությունն էլ լինի»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս