«Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած դատական նիստից առաջ, դատարանի դիմաց հավաքված համակիրների մոտ ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործն անհեթեթություն է՝ կարված գործ։

Այնուհետև ընդգծեց, որ ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, դատարանի դիմաց ուղերձ հղեց հանրությանը՝ նշելով, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, այսօր ևս ցանկանում է մեկ ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն հայրենիքի Արցախի հատվածի ու Հայաստանի ապագայի համար։

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք, հնարավոր չէր կանխել ողբերգությունը, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը, կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Նա շեշտեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ունեցան նաև կուսակցական կորուստներ, բայց նաև կոփվեցին, իրենց շարքերը բյուրեղացան, սակայն այսօր ևս ունեն պրոֆեսիոնլ ու մրցունակ թիմ, հետևաբար պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։

Տեսանյութեր

Լրահոս