ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել Բայդենի դեմ Keystone XL նավթամուղի պատճառով
ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը: Հայցադիմումը մարտի 17-ին ստացվել է Տեխասի նահանգի Հարավային օկրուգի դաշնային օկրուգային դատարանում, հաղորդվում է դրա տվյալների էլեկտրոնային պահոցում։
Բայդենը հուվնարին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել է առնվազն 15 հրամանագիր: Դրանց թվում է եղել Keystone XL նավթամուղի շինարարությունը դադարեցնելու կարգադրությունը: Հայցվորները պնդում են, որ Միացյալ նահանգների նոր ղեկավարը վերազանցել է իր լիազորությունները, երբ ընդունել է այդ որոշումը: Նրանք պահանջում են համապատասխան հրամանագիրը ճանաչել անսահմանադրական եւ չեղյալ հայտարարել:
Հայցի հարուցման նախաձեռնողներն են Տեխասի եւ Մոնտանայի նահանգների դատախազները: Նրանք ընդգծում են, որ նավթամուղի կառուցումը չեղյալ հայտարարելու պատճառով առնվազն 12 հազար մարդ Մոնտանայի, Հարավային Դակոտայի, Նեբրասկայի եւ Կանզասի նահանգներում չեն կարողանա աշխատանք ստանալ: Շատ նահանգների իշխանություններ կզրկվեն պոտենցիալ շահույթից: Հայցվորների կարծիքով՝ Keystone XL-ի շինարարության հարցը հարկ էր համաձայնեցնել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ:
«Պաշտոնում գտնվելու առաջին իսկ օրվանից նախագահ Բայդենն իր հանդեպ խնդիր է դրել առ ոչինչ դարձնելու նախորդ վարչակազմի բոլոր հաջողությունները՝ լիովին անտեսելով իր իշխանության սահմանադրական սահմանափակումները»,- ասված է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի կայքում զետեղված հրապարակման մեջ: Նա խողովակաշարի կառուցման թույլտվության հետկանչման մասին ԱՄՆ-ի ղեկավարի որոշումը համարել է անօրինական:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել է, որ Օտտավան հիասթափված է Keystone XL-ի վերաբերյալ Բայդենի որոշումից: Խողովակաշարը պետք է թույլ տար Կանադայից օրական ավելի քան 800 հազար բարել նավթ արտամղել ԱՄՆ-ի Տեխասի եւ Լուիզիանայի նահանգների վերամշակման ձեռնարկություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: