Հիմնադրամի առեղծվածը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։
Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ Մարդիկ անկախ իրենց կարողություններից և հնարավորություններից, մեծահարուստներից մինչև օրվա հացի խնդիր ունեցողներ՝ անկախ նրանից, իշխանություններին և կառավարությանը վստահում են, թե՝ ոչ, իրենց ներդրումն ունեցան հիմնադրամի հանգանակությունների գործում։
Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելը նվիրատուների մոտ իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ առաջացրեց: Ոչ Հիմնադրամի անգիր արված հիմնավորումները, ոչ կառավարության բանավոր հավաստիացումները, ոչ «շահարկումներին» չտրվելու կոչերը չփարատեցին այդ կասկածները։ Արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի իրականացումը:
Հիմնադրամի խորհրդի նիստից հետո արված իրարամերժ մտքերով հայտարարությունը խորացրեց առեղծվածը։ Կառուցողական մթնոլորտում անցած նիստում, ինչպես բնորոշվում է հայտարարության մեջ, խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Վստահություն հայտնելով հանդերձ, զուգահեռ որոշվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Մի կողմից վստահ են, մյուս կողմից՝ դեռ ուսումնասիրում են։
Մարդկանց մոտ, սակայն, չկա նույն վստահությունը։ ՀՀ նախագահի դեռևս նախորդ տարվա վերջում խորհրդի անդամներին ուղղված պաշտոնական նամակը և Հիմնադրամի խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները բոլորովին այլ լույսի ներքո են բացահայտում առեղծվածը։
Մեզ պետք է ճշմարտությունը։ Պետք չեն նոր լայվեր, միտինգներ և մանիպուլյացիաներ։ Ներկայացրեք մանրամասն և սպառիչ հաշվետվություն։ Հիմնավորեք, թե որքան գումար և ինչի վրա է ծախսվել։ Եթե իհարկե կան այդպիսի հիմնավորումներ։ Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը Հիմնադրամի նկատմամբ։ Արեք դա հրապարակային։
Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումաներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։
Տրամադրեք սպառիչ տեղեկատվություն, համոզեք մեզ, որ ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում և ձեռք բերեք իրավունք նոր ծրագրերի համար ակնկալելու նոր հանգանակություններ, այլապես կխորացնեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ձևավորված ճգնաժամը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ