Փաշինյանը խոսել է Հայաստանում ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին

Նիկոլ Փաշինյանը, ով ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով մարտի 17-ին այցելել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, խոսել է ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով – ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու – ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն առաջ մղել այս նախագիծը, որովհետև մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչներին: «Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս