«Լևոն Տեր-Պետրոսյանը հուշել է Փաշինյանին. Մհեր Գրիգորյանի տարբերակը լավագույն սցենարն է». Արտակ Գրիգորյան
Երբ հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է երկրում ստեղծված իրավիճակում, որպես հանգուցալուծում՝ Փաշինյանի ինքնակամ հրաժարականը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անկուսակցական փոխվարչապետի նշանակումը, իսկ այս դեպքում այդ անկուսակցականը Մհեր Գրիգորյանն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ կարող են տեղի ունենալ այնպիսի ընտրություններ, որոնց ժամանակ չի կիրառվի վարչական ռեսուրս այնպես, ինչպես, օրինակ, իշխանության հանրահավաքների ժամանակ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ օրերս հրապարակած հոդվածին և երկրում ստեղծված վիճակի լուծման առաջարկներին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտադրում է անում, թե անկուսակցականը կլինի առավել անաչառ, բայց հարցը կայանում է նրանում, որ Մհեր Գրիգորյանը Փաշինյանի թիմի մի մասնիկն է։ Երեք տարի, մասնակցելով այդ թիմի կողմից իրականացվող բոլոր քաղաքական գործընթացներին ու պատասխանատվություն կրելով ոչ միայն Արցախում կրած պարտության, այլ նաև տնտեսական բոլոր ձախողումների համար, ինչպե՞ս է Գրիգորյանն անաչառ լինելու։ Եթե Գրիգորյանն անաչառ է, այդ դեպքում, երբ Փաշինյանը աշխատանքից ազատեց կոալիցիոն կառավարման անդամներին, ինչո՞ւ Մհեր Գրիգորյանը՝ նախկին ԲՀԿ-ական, մնաց իր տեղում, և հենց այստեղ են, որ հարցադրումները խորանում են»,- ասաց նախկին պատգամավորը՝ ընդգծելով՝ քանի որ Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով միշտ ջուր է լցրել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, ուստի հիմա ևս նույնն է անում։
«Տեր-Պետրոսյանը կարող է քայլ հուշել Փաշինյանին, որ քանի դեռ կա հնարավորություն՝ փորձիր անվտանգության երաշխիքներդ ապահովել։ Լևոն Տեր-Պետրոսյանը հուշել է Փաշինյանին, որ քանի գնում՝ օղակը սեղմվում է, և հետո չես կարողանալու անվտանգության երաշխիքներիդ հարցը լուծել, իսկ «Իմ քայլը» սկսել է քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև մտածում են, թե ի՞նչ են անելու իրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, իսկ իրենց ո՞վ է անվտանգության երաշխիքներ տալու, այնպես որ, այդ խմբակցության քննադատությունը սոսկ ինքնապահպանության բնազդի դրսևորում է»,- ասաց Արտակ Գրիգորյանը։
Նկատենք, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ո՞րն է ելքը» վերտառությամբ հոդվածում, որպես ստեղծված իրավիճակում ելք՝ առաջարկել էր.
«Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է, և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությանը, ապա Գրիգորյանն ընդգծեց.
«Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինքն ինչ է արել, և դրա համար էլ կառչած է մնում այդ աթոռից։ Ոչ ոք անպարտելի չէ՝ այդ թվում՝ Փաշինյանը, իսկ ցանկացած պայքարի մեթոդ կիրառելի է ցանկացած իշխանության, այդ թվում և՝ այս իշխանության նկատմամբ։ Բայց հո հարցը չի՞ կարող լուծվել անվտանգության երաշխիքով. իսկ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ես կողմ եմ, որ Փաշինյանը չփախչի Հայաստանից, եթե նրան հաջողվի էլ փախչել, միևնույն է՝ նա պետք է կանգնի դատարանի առաջ, և անպատասխան մնացած հարցերին պետք է այդ մեկ հոգին տա պատասխաններ. այդ մեկ հոգին էլ Նիկոլ Փաշինյանն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ անգամ կոշտ արձագանքները Փաշինյանի համար հիմա փրկօղակ են, ուստի Մհեր Գրիգորյանի տարբերակը լավագույն սցենարն է, որին կարող է հավակնել գործող իշխանությունը։ Նրա կողմից տարվող սցենարը բերելու է գործող իշխանության վերարտադրմանը. կգործեն կոմպրոմատնե՞ր, թե՞ այլ պայմանավորվածություններ, այս պահին էական չէ, բայց վստահ եմ՝ թողնելով վարչապետի պարտականությունները Մհեր Գրիգորյանի վրա, ընտրությունները բերելու են այս իշխանության վերարտադրությանը, որովհետև Մհեր Գրիգորյանը վաղը գնալու տեղ չունի, շահագրգռված է լինելու իր թիմի վերարտադրությամբ, որովհետև դա է լինելու իր անվտանգության երաշխիքը»։
Հարցին՝ կլսի՞ Փաշինյանն այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին, Գրիգորյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ նա հիմա որևէ մեկին չի լսում՝ բացառությամբ Ալիևից։ Տեսեք, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվելու Հայաստանում, լսում ենք Ալիևին, ինչ ասում է, հետո սահուն կերպով Հայաստանում տեղի է ունենում, իհարկե, չեմ բացառում, որ Փաշինյանը մնում է Զանգեզուրը տալու, Սյունիքը տալու, միջանցքներ բացելու, Արցախի հարցը թաղելու համար, չէ՞ որ, եթե գնար, հիմա Շուռնուխը չէինք տա, Սյունիքում դիրքեր չէինք հանձնի, այնպես որ, եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա ականատես ենք լինելու Հայաստանում՝ ալիևյան սցենարների իրականացմանը»,- ասաց Արտակ Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում