Ադրբեջանը փորձելու է դիրքերը բարելավել Վայոց Ձորի և Գեղարքունիքի ուղղություններում. Տիգրան Աբրահամյան
Սյունիքում մեզ համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների մի մասը կամ հատվում է այս պահին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների հետ, կամ գլխավոր մայրուղին անցնում է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածներով:
Եվ, ըստ էության, ճանապարհի բավականին մեծ հատված՝ չհաշված տարբեր համայնքները, գտնվում է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության ներքո: Այսինքն, Ադրբեջանն ունի ճնշման տարբեր գործիքներ, որի միջոցով փորձելու է հասնել իր համար առավելագույն խնդիրների լուծմանը:
Լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, եղանակային պայմանների բարելավման դեպքում Ադրբեջանը փորձելու է դիրքերը բարելավել Վայոց Ձորի և Գեղարքունիքի ուղղություններում:
«Նրանք ցանկացած պարագայում փորձելու են դիրքային առավելության հասնել, հիմա դա տեսնում ենք Սյունիքում, իսկ ավելի ուշ տեսնելու ենք Գեղարքունիքում և Վայոց Ձորում, և եղանակային պայմանների բարելավման պարագայում Ադրբեջանն այս ուղղությամբ ևս աշխատանքներ տանելու է: Ադրբեջանը փորձելու է ստեղծված պայմաններում իր համար լավագույն դիրքավորումն ապահովել, որը նրա համար լրացուցիչ պայմաններ է ստեղծելու դիվերսիաների, կրակահերթերի, էսկալացիայի բերելու և ակտիվություն պահելու համար: Այսինքն, այս գործոնները որոշակի ժամանակ հետո ավելի ուժեղանալու են և ընդհանուր պրոցեսում շատ ավելի ազդեցիկ նշանակություն ունենալու»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ նշվածը հաշվի առնելով՝ մենք խնդիր ունենք գոնե եղած պայմաններում նոր բարձունքներ վերցնելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, առաջնագիծը հագեցնելու տեխնիկական նոր միջոցներով, ինչը ոչ միայն հնարավորություն կտա կանխելու Ադրբեջանի առավել բարենպաստ դիրքավորումը, այլև հետագա քաղաքական գործընթացներում նվազեցնել Ադրբեջանի ճնշման հավանականությունը:
«Սյունիքով միջանցքի բացումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայկական շահերը որևէ ձևով ներկայացված չեն և չեն իրացվում: Այստեղից չկա նաև կամք, պահանջ և դրան հասնելու հստակ ցանկություն: Կամ միգուցե կան դրանք, ռեալ քաղաքականության մեջ որևէ կերպով արտահայտված են: Թվում էր, թե ողբերգական կետը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն էր, սակայն ամեն օր մենք գնում ենք անհասկանալի զիջումների»,- շեշտեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականը:
Աբրահամյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր նպատակը ժամանակային կտրվածքով Սյունիքով դեպի Ադրբեջան ուղիղ կապ ստանալն է:
«Եվ այն փուլում, երբ Ադրբեջանը և Թուրքիան ունենան դրա հնարավորությունը, ստեղծվի բարենպաստ դաշտ, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ կլինենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այդ ճանապարհի հարցը նրանք փորձելու են լուծել: Դրա համար Սյունիքի հարցի քննարկումը ռեգիոնալ ապաշրջափակման, սահմանային անվտանգության և բանակցային շրջանակներում, ՀՀ-ի համար գերառանցքային խնդիր է: Սյունիքի հարցում ցանկացած զիջում վտանգում է մեր ազգային, կենսական շահերը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում