Բաժիններ՝

Հայաստանում կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իսկ ապրիլի 19-ը կնշվի՝ որպես «Հարկ վճարողի» օր

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերը։

Ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականությամբ, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար անհրաժեշտ նորմատիվ հիմքեր ապահովելու առումով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ՝ պետականաշինության գործում հարկ վճարողների դերն ըստ արժանվույն գնահատելու և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել սույն օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենքով նախատեսվում է Հայաստանում ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ըստ նրա,  հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է Կենտրոնական բանկին, որն էլ առաջին հերթին՝ դրա  մասին տեղեկացնում է  առևտրային բանկերին՝ հավաստագրի գործողության ընթացքում վարկ ստանալու համար՝  օրինապահ հարկ վճարողների դեպքում ռիսկերը գնահատելու նպատակով։

Անդրադառնալով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծին, ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է  սահմանել «Հարկ վճարողի» օր։

«Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ծավալուն հարկերի գերակշիռ ազդեցությունը, առաջարկում ենք ապրիլի 19-ը՝ որպես ՀՀ-ում առաջին հարկային օրենքի ընդունման օր, քանի որ այդ օրենքով են ի սկզբանե կարգավորվել հարկային իրավահարաբերությունները, և այդ օրը սահմանել Հարկ վճարողի օր»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ նշված օրն իր ազդեցությունը կունենա հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունների վրա, այդ օրը տեղի կունենա որոշակի միջոցառում՝ հարկ վճարողների մերձեցման կամ այլ որոշակի ծառայությունների մատուցման կոնտեքստում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքների նախագծերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031