«Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր: Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ». Ալեն Սիմոնյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 15-ին ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը, որտեղ նշել էր, թե հանգուցալուծումը Փաշինյանի հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

«Ես կարծում եմ, որ Առաջին նախագահը ինչ-որ, այսպես ասած, մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկայնի հետ: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, երևի 96 թվականի իրադարձություններից ելնելով: Եվ հարգելով Առաջին նախագահի անձը, չեմ ուզում շարունակել մեկնաբանել: Կարող եմ ասել միայն այն, որ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր»,- Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Առաջին նախագահն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ եթե իշխող ուժը  կազմակերպի արտահերթ ընտրությունները, ապա նրանք չեն խորշի վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների:

«Ընտրությունների մասով, կարծում եմ, պարոն Տեր-Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալը ապագա գնալուց, իր կարգախոսն էր, եթե չեմ սխալվում, պետք է նախ խոսի 96 թվականի ընտրությունների իր գնահատականի մասին, Վազգեն Մանուկյանի հետ կապված ընտրություններից հետո եղած իրադարձությունների մասին, իր դերի մասին այդ իրադարձությունների ժամանակ, և նոր միայն այ դրանից հետո խոսի, և այդ խոսքը լինի արդեն կշիռ ունեցող, որովհետև երբ դու ինքդ 96 թվականին ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, դրանից հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր՝ ապաստան գտնելու, կարծում եմ՝ ճիշտ չի հիմա գնահատականներ տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս