ԱԳՆ-ում բունտ է հասունանում․ մեղադրում են Մակունցին, որ ամեն ինչ խառնել է իրար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, բունտ է հասունանում՝ կապված դեսպանների նշանակումների հետ: Այս պահին կռվախնձորը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնն է, որին հավակնում էին մի քանի բարձրաստիճան դիվանագետներ:
Ըստ ԱԳՆ աղբյուրների, ամենահավանական թեկնածուն Վարուժան Ներսիսյանն է, ում հետ են կանչելու Վաշինգտոնից՝ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու համար: Դիվանագետները դեմ են, որ Ներսիսյանը նշանակվի, ասում են, որ դրանով խախտվում է դեսպանների ռոտացիայի սկզբունքը, եւ մեղադրում են Մակունցին, որն ԱԳՆ-ում ամեն ինչ խառնել է իրար:
Սակայն մի բան դրական է, որ Մեծ Բրիտանիայում դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո, շուրջ 2,5 տարի, դեսպան չնշանակելու արգելքը վերացված է։ Այն պայմանավորված էր նրանով, որ Արմեն Սարգսյանը թույլ չէր տալիս Լոնդոնում դեսպան նշանակել, եւ Զոհրաբ Մնացականյանը հնազանդորեն կատարում էր նրա պահանջը։ Արա Այվազյանի գալով՝ «հարուստ տուրիստի» քմահաճույքից ձերբազատվելու հնարավորություն է ստեղծվել»: