Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973թ. ծնված կնոջ հետ, Երևանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի այդ, պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: