«Առաջին նախագահը պետք է շտկում անի՝ դուք բոլորդ պետք է հեռանաք, բոլո՛րդ անխտիր». Նաիրա Կարապետյանը՝ իշխանություններին

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե հիմա պետք է սկսեին խոսել գերիների մասին և թվեր հնչեցնեին, այլ առաջին իսկ օրվանից գերիների իրավունքները բարձրաձայնեին:

«Ինձ համար շատ ցավալի է, որ ԵԱՀԿ նախագահը Հայաստանում անդրադառնալով գերիների հարցին՝ այդպես էլ չօգտագործեց «գերեվարված անձինք» և «գերիներ» արտահայտությունները, նա հարցին մոտեցավ մարդասիրական տեսանկյունից, բայց դա որևէ կերպ չէր բացառում նրա կողմից Ադրբեջանի տարածած ստի ընդունելի լինելը: Այստեղ մենք կարիք ունենք ավելի կոշտ և ավելի փաստարկված ներկայացումների, ինչը, ի դեպ, անում է մեր Մարդու իրավունքների պաշտպանը, ընդամենը պետք է Արման Թաթոյանի կատարած ահռելի աշխատանքը վերցնել և տարածել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ ասել է, թե նրանք ռազմագերի չեն համարվում, քանի որ նրանք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Բայրամովի հայտարարությունը համարել է հերթական կեղծիք և նշել, որ ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ «Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Նաղդալյանը:

Իսկ Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հայտարարել է, որ այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը. «Ես ուզում եմ շեշտել նաև վստահության կառուցման միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությունն ապահովելու հարցում»:

Նաիրա Կարապետյանն անդրադարձավ միջազգային կառույցներում հայկական դիվանագիտության ներկայիս տխուր վիճակին: Որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ՝ նա ընդգծեց, որ ներկայիս պատվիրակությանը թողել էին պարարտ հող. «Մենք բացահայտել էինք ադրբեջանական լանդրոմատը, ի դեպ, նաև շաբաթներ առաջ Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվեց Բունդեսթագը. Աքսել Ֆիշերի մասին է խոսքը, ով ԵԺԿ քաղաքական խմբի ղեկավար է եղել իմ աշխատած տարիներին: Ի դեպ, շատ հետաքրքիր էր ԵԺԿ քաղաքական խումբը՝ սկզբից ղեկավարում էր Լուկա Վոլոնտեն, ով հիմա դատապարտված է Իտալիայում, հետո Պեդրո Ագրամունտն էր, ով, փաստորեն, բացահայտվեց՝ որպես Ադրբեջանի կողմից գնված, հիմա էլ՝ Աքսել Ֆիշերը:

Այսինքն՝ այդ սարսափելի մեծ փողերը, որի դեմ մենք պայքարում էինք և այդ պայմաններում կարողանում էինք հայանպաստ լուծումներ առաջ տանել, մենք կոտրեցինք, և գործող պատվիրակությանը միայն մնում էր գնալ և աշխատել: Ի դեպ, նրանք կարող էին շատ շահեկան ներկայացնել իրենց 2018 թվականի իրադարձությունները, այսպես ասած, ժողովրդավարության լույսի ներքո, և լինեին սիրելի պատվիրակություններից մեկը Եվրոպայում:

Դա նրանց մոտ չստացվեց, որովհետև սկսեցին վարել անազնիվ խաղ: ԵԽԽՎ-ում պետք է բաժանել ընկերներին՝ ոչ ընկերներից, երկրներին և պատգամավորներին, ում հետ համընկնում են շահերը և ում հետ երբեք չեն կարող համընկնել շահերը: Նրանք փորձեցին աշխատել բոլորի հետ, փորձեցին կիսել պատվիրակության նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներին՝ տարբեր ուժերի միջև, իսկ դա շատ հեշտ նկատվում է: Ես կարծում եմ, որ որևէ լրջություն չի տրվել ԵԽԽՎ-ին այս ժամանակաշրջանում, ինչպես տրվում էր, օրինակ, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ԱԳՆ-ի հետ»:

ԱԺ նախկին պատգամավորը խոսեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության և դրան հաջորդած իմքայլականների արձագանքների մասին:

«Բոլոր երեք նախագահները, մասամբ նաև չորրորդը, միակարծիք են և որևէ կերպ չեն տեսնում Նիկոլ Փաշինյանին՝ երկրի ղեկին: Պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ բոլոր նախագահները միավորվել էին և փորձում էին իրավիճակը փոխել, ինչը, ի դեպ, շատ բարդ բան է, քանի որ նրանք միշտ ունեցել են տարաձայնություններ, հատկապես՝ Առաջին և Երկրորդ նախագահների միջև սուր քաղաքական տարաձայնություններ են, բայց նրանք պատրաստ էին նստել մի սեղանի շուրջ և նստեցին: Հիմա, կարծես, նույնպես նրանց բոլորի մտահոգությունը համընկել է: Պատերազմի ժամանակ դա մերժվեց Նիկոլի կողմից, եթե հիմա էլ մերժվի, մենք շատ տխուր արդյունք կունենանք: Ես Առաջին նախագահի ոճն ուսումնասիրած լինելով՝ զարմացած եմ, որ նա այսպես բացահայտ, պարզ և թափանցիկ ակնարկ է անում: Այստեղ նաև նկատում եմ մի թեթևակի քաղաքական շանտաժ՝ կամ տվեք երաշխիքներ, թող այս մարդը գնա, մենք լուծենք հարցերը, հետո ժամանակավոր է՝ հետ կգա և կկանգնի պատասխանատվության առջև, կամ նա չի գնա, և այս մղձավանջը կշարունակվի: Այդ «կամ-կամ»-ը, կարծում եմ, ներկայումս այդքան էլ ճիշտ չէ: Եթե միակ ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ երաշխիքներ ստանա՝ գնա ինչ-որ երկրներում ապաստան գտնի, ուրեմն՝ այստեղ շարունակությունը ես կարող եմ տեսնել ոչ թե անկուսակցական վարչապետով։ Չէ՞ որ վարչապետը գնում է, քաղաքական թիմը մնում է, և մեծամասնությունը շարունակում են իրենց աշխատանքը, այս լուծման ներքո, գուցե, ճիշտ կլիներ՝ Առաջին նախագահը քաղաքական թիմի հեռացումը ազդարարեր՝ թեկուզ ինչ-որ երաշխիքների ներքո»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Առաջին նախագահը, թեկուզ որոշակի շեղումներով և տարաձայնություններով, այնուամենայնիվ, համարվում է Նիկոլ Փաշինյանի հոգեհայրը:

«Եթե անգամ նա է տեսնում, որ Նիկոլի գնալու ժամանակն է, ուրեմն՝ Նիկոլի գնալու ժամանակն է, միանշանակ: Ինչպե՞ս կվերաբերվի Նիկոլը սրան. մենք շատ տխուր բանի ականատես եղանք՝ ինչ-որ տարբեր տրամաչափի իրենց քաղաքական գործիչ համարող մարդիկ սկսեցին կեղտոտ բառակազմով արտահայտություններ անել Առաջին նախագահի հանդեպ: Գիտե՞ք՝ ինքս ունեմ գաղափարական շատ սուր անհամաձայնություններ Առաջին նախագահի հետ, բայց նա իմ երկրի հիմնադիր նախագահն է․ պետք է ընտրել բառակապակցությունները և պատասխանել քաղաքական բանավեճի հարթությունում: Եթե դու իջնում ես այդ բառապաշարին, ուրեմն՝ դու պարտված ես, ուրեմն՝ Առաջին նախագահը ճիշտ է և շտկում պետք է անի՝ դուք բոլորդ պետք է հեռանաք, բոլո՛րդ անխտիր»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս