Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատի կառուցման, տեսախցիկների ու այլ ընկալող համակարգերի և դիտարկան աշտարակների տեղադրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայում թուրք-սիրիական 911կմ երկարությամբ սահմանի 837 կմ-ի երկայնքով 3մ բարձրությամբ բետոնե բլոկներով պատն արդեն կառուցված է: Պատի ողջ երկայնքով պարեկային ծառայություն իրականացնելու համար կառուցվել է նաև ավտոճանապարհ:
Թուրքիա-Իրան սահմանի Իգդիրի հատվածում արդեն կառուցվել է 54կմ երկարությամբ պատ ու պարեկային ճանապարհ, տեղադրվել են տեսախցիկներ ու ընկալիչ համակարգեր: Այս տարի կավարտվի Իրանի հետ սահմանի Աղրի հատվածի պատի ու ճանապարհի կառուցումը: Սկսվել նաև Իրանի սահմանի Վանի հատվածում 64 կմ երկարությամբ պատի ու ճանապարհի շինարարություն աշխատանքները:
Եվրամիության աջակցությամբ Թուրքիայի սահմանների տարբեր հատվածներում տեղադրվում են դիտարկման աշտարակներ, որոնցում անհրաժեշտ չի դիտարկողի (հերթապահի) ֆիզիկական ներկայությունը: Այդ աշտարակները ներկայում տեղադրվում են Թուրքիայի Էդիրնե, Քըրքլարելի, Կարս, Իգդիր Աղրը, Վան ու Հաքքար նահանգների սահմանային հատվածներում: Տեխնիկապես համալրված 174 աշտարակ արդեն տեղադրված է, 2021-ին կտեղադրվի ևս 200-ը:
Միաժամանակ Շանլըուրֆա, Աղրը, Իգդիր և Արդահան նահանգների սահմանային հատվածներում ավարտվել է տեսախցիկներով ու ընկալիչ համակարգերով համալրման աշխատանքները:
Նմանատիպ համակարգերի տեղադրման ու լուսավորության անցկացման աշխատանքներ են սկսվել նաև Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմաններին: