«ԵՄ-ն պետք է անկեղծ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի հանդեպ». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն, 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին խոսելու առիթը բաց չթողնելով, ԵՄ-ին մեղադրել է այդ ժամանակ Թուրքիային չաջակցելու մեջ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեղաշրջման փորձի ժամանակ միայնակ է թողել այն Թուրքիային, որն ասում էր, որ նույնիսկ իր առջև ծառացած ամենալուրջ սպառնալիքի ժամանակ գիտի ԵՄ-ի ռազմավարական նշանակությունը:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենականների ցանցը Թուրքիայում համարվում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:
Չավուշօղլուն, մատնանշելով, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցվել են քաղաքական դրդապատճառներով, ասել է. «Մեր ձեռքում մնացել է միայն ներգաղթյալների համաձայնագիրը: 2016թ. սկսած Թուրքիան կատարել է իր ողջ պարտավարությունները սույն համաձայնագրի համատեքստում, իսկ ԵՄ-ն չի կատարել և չի էլ ցանկացել կատարել»:
Վերջին մեկ տարվա Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությանն անդրադառնալով՝ թուրք նախարարը պնդել է, որ ԵՄ-ն ամբողջովին Թուրքիայի դեմ է գործել և ստիպված է եղել աջակցել ԵՄ անդամ պետություննների «անարդար քաղաքականությանն ու մաքսիմալիստական պահանջներին»:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ 2020թ. դեկտեմբերի կայացած ԵՄ գագաթաժողովից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական միտում է նկատվել:
«Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առաջընթաց գրանցելու և անցյալի սխալները չկրկնելու համար ԵՄ-ն պետք է անկեղծ վերաբերմունք և ռազմավարական մոտեցում ցուցաբերի»,-ասել է նա: