Ստուգելու են բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները
Այսօր մեկնարկել են ՀՀ ԶՈւ մարտավարական զորավարժությունները, որը տևելու է մինչև մարտի 20-ը:
Զորավարժություններին ընդգրկված են 7500 զինծառայող, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ:
Մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
«Անցկացվող զորավարժությունների նպատակն է՝ ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ինչպես նաև՝ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում»,- նշում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
Հավելենք, որ մարտի 15-18-ը զորավարժություններ է սկսել նաև ադրբեջանական բանակը, որին մասնակցում է մինչև 10 հազար զինծառայող, ներգրավված է շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: