Առնո Բաբաջանյան 100. Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգ կնվիրեն մեծ կոմպոզիտորին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգ կնվիրեն մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին:
Կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ Մանուկյան-Սիմոն սրահում:
Բաբաջանյանի «Պոեմ դաշնամուրի համար» գործը կներկայացնի դաշնակահար Մարտին Շահբազյանը, «6 պատկեր դաշնամուրի համար» ստեղծագործությունը՝ դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը, ջութակահար Անի Փարսադանյանը, թավջութակահար Հովիկ Օգանեզովը, դաշնակահար Վարդան Գեոդակյանը կներկայացնեն «Տրիո ջութակի թավջութակի և դաշնամուրի համար, 1-ին մաս»-ը, որը գրվել է 1953 թվականին: «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը կկատարեն ջութակահար Անի-Աղավնի Խառատյանը և դաշնակահար Գայանե Ասլանյանը:
«Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հարատև են: Ամբողջ կյանքում իրեն «հնչյունով պաշարած»-ը արդեն մեկ դար է՝ մեզ պաշարել է իր երաժշտությամբ: Հնչյունից հեռու լինելը նա համարում էր կյանքից կտրվել… այդպես էլ կա: Բաբաջանյանը չկտրվեց կյանքից, մեզնից ու հնչյունից: Նա մեզ հետ է արդեն #100_տարի՝ իր հնչյունով և երաժշտությամբ»,-ասվում է միջոցառման հաղորդագրության տեքստում: